Դանիական ազգային հեռարձակող DR հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից:
Այդ օրերին B&W Hallerne համերգասրահը և դրան հարող տարածքը կփոխակերպվեն Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը:
Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը:
2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները:
Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին