Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Ա. Ահարոնյանի՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաները չպետք է ընկնեն այն ծրագրերի հետեւից, որոնք թույլ են տալիս, որ իրենց ուսումը ստանան սովորական դպրոցներում

Սեպտեմբեր 02,2013 16:25

0314 0315

Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում նոր ուսումնական տարին կսկսվի սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակի բացումով, որտեղ չտեսնող և թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն կյանքի համար անհրաժեշտ խոհարարական հմտություններ: Հատուկ սարքավորումներով և տեխնիկայով դասասենյակն ամբողջությամբ կահավորել և համալրել է Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:

Դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանի փոխանցմամբ` նման մտահղացում առաջացել է այն ժամանակ, երբ Բառնա քաղաքի նույնատիպ դպրոցում տեսել է` ցանկանալով նույնը ներդնել նաեւ իրենց դպրոցում, որը հանրապետությունում միակն է, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն պատրաստել իմանալ:

Ահարոնյանի խոսքով` սոցկենցաղային կողմնորոշման ուսուցումը տեսողական խանգարումներով երեխաների համար ինքնուրույնության և ինքնահաստատման մեծ խթան կլինի, ինչն էլ իր հերթին կօգնի նրանց կյանք մտնել որպես հասարակության լիիրավ անդամներ:

Ըստ նրա` դասասենյակի վերանորոգման դրամաշնորհը դպրոցին է տրամադրել Ֆրանս-Հայկական զարգացման հիմնադրամը: Խոհանոցի կահավորման և տեխնիկական վերազինման ժամանակ հաշվի են առնվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և հատուկ պահանջները՝ դասասենյակը դարձնելով հարմարավետ և ֆունկցիոնալ:

Մեզ հետ զրույցում Ահարոնյանը նշեց, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաները պետք է ստանան համապատասխան կրթություն եւ չպետք է ընկնեն այն ծրագրերի հետեւից, որոնք այսօր թույլ են տալիս, որ նման երեխաներն իրենց ուսումը ստանան սովորական դպրոցներում, որտեղ շրջապատված կլինեն այնպիսի երեխաներով, որոնք այդ տեսակ խնդիրներ չունեն: Նա կարծում է, որ այդ դպրոցում երեխայի ինտեգրումը, որով հաճախ պատճառաբանվում է, չի կարող ավելի լավ լինել, որքան հատուկ դպրոցում, որտեղ կան մասնագետներ, ովքեր քաջատեղյակ են խնդրին եւ շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է կազմակերպել դասերը տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար: «Կարող է պատահել, որ շատ ունակ երեխա լինի, բայց չկարողանա իրեն բացահայտել սովորական դպրոցում այնպես, ինչպես կբացահայտեր այն դպրոցում, որը ստեղծված է հենց իր համար: Այստեղ ուսումնական պլանն անցնում են հանրապետական դպրոցների ծրագրով եւ որեւէ տարբերություն չկա: Միակ տարբերությունն այն է, որ մենք այստեղ աշխատում ենք երեխաներին գիտելիքներ տալով չծանրաբեռնել նրանց տեսողությունը` գրավոր աշխատանքների սահմանափակում, գրքերի կարդալը հաճախ իրականացվում է դաստիարակի միջոցով, ինչպես նաեւ աուդիոսիդիների տարբերակով պարզապես լսում են վեպը»,-ասաց Ահարոնյանը:

Վերջինիս փոխանցմամբ` քանի դեռ երեխաները սովորում են այդ դպրոցում, նրանք ապահովված են թե սոցկենցաղով եւ թե կրթության առումով` հավելելով, որ դպրոցն ավարտելուց հետո շատերն իրենց ուսումը շարունակում են բուհերում, որտեղ էլ առկա են մի շարք խնդիրներ: «Այնտեղ զրկված են «Արեւ» համակարգով ուսուցումից, որի միջոցով կույր երեխաները տեքստ են հավաքում, երաժշտություն գրում եւ լսում իրենց հետաքրքրող ինֆորմացիան: Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ բուհն ավարտելուց հետո մնում են անգործ»,-ընդգծեց նա:

Այս տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, որից 3-ն ընդունվել են բուհ, իսկ մյուսը` քոլեջ:

Ահարոնյանը ցավով է նշում, որ հասարակության մեջ դեռ պահպանվել են քաղքենի մոտեցումները, մինչդեռ պետք է գերապատվությունը տալ այն հաստատությանը, որը կնպաստի երեխայի արագ եւ արդյունավետ զարգացմանը: «Մեր ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, որ թիթիզությունը ոչ մի բանի պետք չէ: Երեխային տանում են սովորական դպրոց, բայց գալիս են այստեղ եւ խնդրում, որ ուսուցիչներից տրամադրեմ, որպեսզի իրենց երեխայի հետ աշխատեն: Եթե ես ունենամ նման երեխա, ես առաջինը կմտածեմ ոչ թե իմ անվան մասին, այլ կնայեմ, թե իմ երեխային որն է անհրաժեշտ»,-ընդգծեց նա` հավելելով, որ եթե դպրոցի տնօրենը չի կարողանում ապահովել երեխային, ապա ինչու է ընդունում իր հաստատություն եւ վտանգում երեխայի ապագան:

Դասընթացներն արդեն իսկ ներառվել են դպրոցի ուսումնական պլանում և կսկսվեն ուսումնական տարվա սկզբից:

Ահարոնյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում երեխաների մոտ զարգացնել տարածքային ամբողջական ընկալումը, որի համար նախատեսվում է շենքի հետնամասում տարածքն ընդարձակել, ծառ ու ծաղիկներ տնկել, որտեղ երեխաները սպիտակ փայտիկով կշրջեն եւ հետագայում փողոց դուրս գալուց ավելի համարձակ կլինեն: Ծրագրի իրականացման համար դիմել են մի քանի հաստատությունների, այդ թվում՝ «Տաշիր» հիմնադրամին եւ դեռ սպասում են արձագանքներին:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30