ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:
Փոխվարչապետը շնորհավորեց ուսուցիչներին եւ աշակերտներին`նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նորակառույց դպրոցում հնարավոր կլինի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա նշեց, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին