Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Հյուսիսային պողոտան լցվել էր թղթե գունավոր ինքնաթիռներով: Առիթը դպրոցականների կազմակերպած ֆլեշմոբն էր, որը ժպիտ էր պարգևում նաև անցորդներին: Կազմակերպիչ Էմմա Ղռեջյանի խոսքով` սա վաղուց մտածված բարի ու հետաքրքիր ֆլեշմոբ էր. «Ինքնաթիռներից յուրաքանչյուրի վրա տարբեր բարեմաղթանքներ են գրված, և երբ դու բռնում ես դրանցից մեկը, կարդում ես` ինչ է գրված, ու ինքդ դարձյալ նետելով ինքնաթիռը` կարծես քո սրտի մաղթանքը փոխանցում ես դիմացինիդ», – նշում է նա: Այսպիսի ֆլեշմոբ առաջին անգամ են իրականացրել, բայց համոզված են՝ շարունակական բնույթ է կրելու. «Նմանատիպ ծրագիր մի անգամ ճամբարում էլ էինք արել ու որոշեցինք, ինչո՞ւ ոչ, այն պետք է իրականացնել նաև կենտրոնում, – ասում է Էմման, – թող բարությունը թղթե ինքնաթիռներով սփռվի ամենուրեք»:
«Միմյանց մաղթանքներ հղելու ավելի լավ միջոց կարծում եմ չկա, շատ գեղեցիկ ֆլեշմոբ է, – ասաց մասնակիցներից մեկն ու հավելեց – բացի այդ՝ սեպտեմբերի 1-ը շատ լավ է անցնում, բարությամբ լցված շարժվում ենք դեպի նոր ուսումնական տարի»:
Տիգրանուհի Թասլակյան
Կարդացեք նաև
Հ.Գ. Այդ բարությունից մի կտոր էլ ես ստացա: Բախտի բերմամբ, թե պատահմամբ ինձ բաժին ընկած ինքնաթիռի վրա իմ սիրելի արևն էր պատկերված, իսկ վրան գրված էր՝ Sunny Day 🙂 :