2013թ. օգոստոսի 29-ին Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքում տեղի ունեցավ «Միասին` հանուն մաքուր համայնքի» կարգախոսով «Շախմատի, շաշկիի և նարդիի առաջնություն»-ը, որի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի քաղաքացիական կենտրոնը /ԿՔԿ/ կազմակերպեց դրամահավաք` Գեղանուշ գյուղական համայնքում 5 աղբատեղիների կառուցման և 15 աղբամանների տեղադրման համար:
Միջոցառման ընթացքում, ի նպաստ միջոցառման նպատակի` հանգանակություն կատարվեց Կապանի քաղաքացիական կենտրոնի /ԿՔԿ/ համար հատուկ առանձնացված տեղում: ԿՔԿ-ի կամավորները և միջոցառմանը մասնակցող երեխաները հանգանակության ընթացքում բաժանեցին փուչիկներ ու շախմատի և շաշկիի թղթե խաղաքարեր` «թևավոր խոսքերի» գրառումներով, իսկ Կենտրոնի աշխատակիցներն ու Կենտրոնի կամավորները հորդորում էին մասնակիցներին լինել ակտիվ հանգանակության հարցում և նպաստել համայնքի զարգացմանն ու մաքրության պահպանմանը:
Կապանի տարածաշրջանում ՔԿ-ի կողմից իրականացվում է ՕՔՍՖԱՄ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ «Քաղաքացիական կենտրոնների հզորացում և ակտիվ քաղաքացիների կերտում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել է «ֆոնդահայթայթում դրսում» միջոցառումը` նպատակ ունենալով նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու կայացմանը և այդ կերպով օժանդակել քաղաքացիների մասնակցությանը համայնքային կյանքին ու համայնքային խնդիրների լուծմանը» -ասաց միջոցառման կազմակերպիչներից Հրայր Խաչատրյանը:
Հանգանակված գումարը տնօրինելու համար ստեղծված հանձնաժողովը` կազմված միջոցառմանը մասնակցող տարբեր ՀԿ-ների և ՏԻՄ ներկայացուցիչներից, հետագայում կտնօրինի գումարը ըստ նախանշված նպատակի:
Հանգանակությունը դեռ ավարտված չէ, ուստի ցանկացողները կարող են իրենց ներդրումներն ունենալ:
Հետագա գործընթացին կարող եք հետևել www.favl.am կայքէջում, իսկ մանրամասն տեղեկություններ ստանալ` Կապանի քաղաքացիական կենտրոնից:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ