Եթե ծաղկաման չունեք, բայց ունեք մաշված կոշիկ, ուրեմն կարող եք ծաղիկն աճեցնել կոշիկում: Ե’վ ծաղիկը, և’ կոշիկը գոհ կմնան: Երբևէ մտածել եք արևից ու անձրևից պաշտպանվել պլաստիկ շշերով, որոնք ամենուր կարելի է հանդիպել աղբի տեսքով… Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի ակտիվ երիտասարդները` 18-ամյա Աննա Մկրտչյանի նախաձեռնությամբ, մի շարք անպետք իրերի կենդանություն տալով, իրենց համայնքում ստեղծեցին առաջին կանգառ-սպասարանը, որը գյուղի համար անհրաժեշտություն էր: Կանգառը, որից ամեն օր օգտվում են տասնյակ մարդիկ, ուներ միայն երկու անհարմար քար, կիզիչ արև, ժամանակ առ ժամանակ առատ տեղումներ… Իսկ հաճախ անհրաժեշտ է լինում երթուղայինի սպասել նույնիսկ մեկ ժամ: Նման կանգառից օգտվող հարյուրավոր գյուղացիներից միայն Աննան որոշեց ավելի լավ պայմաններ ստեղծել երթուղայինի սպասողների համար, որոնց շարքում նաև ինքն է: Նրան օգնեցին գյուղի աշակերտները, ուսանողները, և իհարկե, ծնողները: Կանգառի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 30-ին:Կանգառը պատրաստված է պլաստիկ շշերից, որոնք տրամադրել է «Բջնի» ընկերությունը, սպասարանը զարդարված է ծաղիկներով, որոնց համար որպես ծաղկաման ծառայել են մեքենայի անիվները, կոշիկները և պլստիկ շշերը: Այսպես, գյուղն ունի էկո կանգառ, որի պատրաստմանն աջակցել են «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» և «Միացյալ քաղաքացիական կրթության էկո լաբ» ծրագիրը:Ծրագրի հեղինակ Աննա Մկրտչյանը խոստովանում է, որ շատերն էին հոռետեսորեն մոտենում այս ծրագրին` կարծելով, որ նման կառույցը գյուղում երկար չի ծառայի, սակայն Աննան և բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են ունեցել այս գործում, ամեն մեկից ակնկալում են ընդամենը սրտացավություն և ուշադրություն: «Կարծում եմ, որ նպատակիս հասել եմ, ցանկանում եմ, որ այս օրինակը վարակիչ լինի մեր և հարակից գյուղերի երիտասրադների համար: Ուրախ եմ, որ ընդամենը 1 ամսվա աշխատանքս ծառայելու է ամբողջ գյուղին»,- ասում է Աննան, ով շնորհակալ է իրեն օգնողներին և խանգարողներին, որովհետև երկուսն էլ նրան ոգևորել են աշխատանքի ընթացքում:
Լիլիթ Հակոբյան՝ mynews.am