Այսօր ժամը 13-ին Փակ շուկայի մոտ քաղաքացիական ակտիվիստները պետք է ակցիա անցկացնեին՝ ընդդեմ պատմամշակութային հուշարձանի քանդման: Այս պահին, սակայն, Փակ շուկայի հարակից տարածքում հավաքվել է Փակ շուկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների բավականին հոծ բազմություն:
Նրանք ծափերով եւ սուլոցներով վանկարկում են՝ «Կեցցե Ալեքսանյանը, կեցցե Ալեքսանյանը»: Նրանք իրենց հետ բերել են նաեւ պաստառներ՝ «Մենք պահանջում ենք աշխատատեղեր», «Թողեք ապագա սերնդին ապրել արժանավայել քաղաքում» եւ այլ համանման մակագրություններով: Հետաքրքիր է, որ քաղաքացիական ակտիվիստները, ովքեր ակցիայի նախաձեռնողներն են, այստեղ չեն:
Լրագրողների հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենք չեն եկել հնարավոր բախումներից խուսափելու համար:
Նա հավաստիացրեց, որ ավելի ուշ իրենք իրենց ակցիան կանցկացնեն: Ակցիայի անցկացման մասին հստակ տեղեկություններ, սակայն, Խզմալյանը չհայտնեց:
Ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի հավաքվածների տեսակետները՝ ավելի ուշ՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ