Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը

Սեպտեմբեր 02,2013 13:33

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Բազմազանությունը Եվրոպայի ուժն է և հարստությունը, և մենք համոզված ենք, որ միջմշակութային երկխոսության միջոցով, ներառյալ դրա կրոնական հարթության, եվրոպական, համամարդկային արժեքների տարածումը պետք է մեր հասարակությունների համար լինի առաջնայնություն»:
Նախարարի խոսքով, Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել միջմշակութային երկխոսության կրոնական հարթությանը և պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006/2007թթ հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտեի առաջին «խորհրդակցական խմբի» նախագահը:
«Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում, Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը:
Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Լինի դա Ֆրանսիայում թե Բրազիլիայում, Ռուսաստանում թե Սինգապուրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թե Եգիպտոսում, Լիբանանում թե Հնդկաստանում, Իրանում թե Ավստրալիայում, հայերն իրենց մեջ կրում են երկակի ինքնություն, նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակությունում և միաժամանակ խորապես կապված են մնում իրենց ազգային ինքնությանը: Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի և մնացյալ աշխարհի միջև»,- նշեց նախարար Նալբանդյանը:
Հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին, արտգործնախարարն ասաց. «Իմաստուններից մեկն ասել է «Մարդիկ չափազանց շատ պատեր են կառուցում և բավական քիչ՝ կամուրջներ»: Ես համոզված եմ, որ քսանմեկերորդ դարում մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը՝ կամուրջներ կառուցելու, դրանք բազմապատկելու համար – կամուրջներ ժողովուրդների, մշակույթների, կրոնների, հասարակությունների, սերունդների միջև»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30