hetq.am. «Բօն Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող շինություններից այսօր առավոտյան դուրս են հանել գործարար Փայլակ Հայրապետյանի աշխատակիցներին՝ պահակներին, ու սկսել «շենքներն իրենցով անելու» գործընթացը:
Գործարար Հայրապետյանը նշված հասցեում գտնվող շինությունները վերակառուցել էր փայտամշակման, ադամանդագործության, ոսկերչության, տրիկոտաժի, քարի ու պատուհանների արտադրության համար՝ ներկրելով համապատասխան բոլոր սարքավորումները: Բացի դրանից՝ ադամանդագործությունը եւ ոսկերչությունը զարգացնելու հեռանկարով նույն վայրում պետք է գործեր Հայրապետյանի հիմնադրած ուսումնարանը, ինչպես նաեւ 100 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը:
«Հենց այս պահին 3 հազար աշխատատեղ պատրաստ սպասում էր բանվորին: Եթե չլիներ այդ օֆշորային պատմությունը, «Ամերիաբանկն» այդ ամենն ինձնից խլած չլիներ, 3000 մարդ տեղում կաշխատեր: Իսկ հիմա բոլոր արտադրությունները, սարքավորումները պետք է քանդեն հանեն, որ տանք մի հատ խուլիգանի»,- ասում է Փ. Հայրապետյանը: Նա շեշտում է, որ ամեն մի աշխատատեղի համար անհրաժեշտ է 5000 դոլարի ներդրում, «այսինքն՝ հետագայում 15 միլիոն դոլար է ծախսվելու, որ նորից 3000 աշխատատեղ ստեղծվի»:
Գործարար Հայրապետյանը Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող ունեցվածքը գրավադրված էր «Ամերիաբանկում», որն էլ այն իբրեւ սեփականություն գրանցել է իր անունով եւ հանել վաճառքի: «Բօն Արմենիա» ընկերության սեփականատեր Ջան Սասուն Գելեջին «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ Հայրապետյանի հետ ունի լավ հարաբերություններ: Փայլակ Հայրապետյանն էլ մանրամասնում է, որ Գելեջին ի սկզբանե հանդիպել է իրեն եւ շենքերից երկուսը գնալու ցանկություն հայտնել:
Արարատ Դավթյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում