Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

Սեպտեմբեր 02,2013 13:13

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:
Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:
Արտգործնախարարը անդրադարձավ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:
Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը և Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:
Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30