Ո՞րն է պատգամավորի գործը… Դե, իհարկե, խոսելը: Ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչի մասին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմա՞ն, Մարսի վրա կյանքի առկայությա՞ն, թե՞ անցանկալի հղիության կանխարգելման: Կարեւորն է, որ բերանը բացի ու բառեր ասի… Միտք արտահայտելն էլ կարեւոր չէ՝ բառերը բավական են, դե իսկ խելք ունենալը բոլորովին կարեւոր չէ, ինչպես մի անգամ ասել է ԱԺ ներկայիս նախագահը…
Խոստացել էի, չէ՞, որ մեր պատգամավորների հանճարեղ մտքերը պիտի հավաքեմ ու պահ տամ սերունդներին : Արդ, չեմ մոռացել խոստումս, պարզապես մի քանի շաբաթ կյանքը ձանձրալի էր դարձել. քաղաքական գործիչները հանգստանում էին, իսկ մենք թեմաներ էինք ման գալիս… Արդեն մտածում էի, թե էս շաբաթս էլ նախորդների նման ձանձրալի կանցնի (ոստիկանի համբույրի մասին Շուշան Պետրոսյանի ասածը եւ «պապաների բալեքի» մասին Գալուստ Սահակյանի հերթական «ֆրազը» էս վերլուծության նյութ դառնալու չէին ձգում, շա՜տ էին պրիմիտիվ), մեկ էլ ըհը՝ «как чёрт из табакерки» հառնեց իմ ամենասիրելի երիտասարդ գործչի՝ Էդվարդ Շարմազանովի հարցազրույցը Tert.am-ում :
Ասա՝ ա՛յ անտակտ լրագրող, բա ՀՀԿ խոսնակին, որ համատեղության կարգով նաեւ ԱԺ փոխնախագահ է, էսպիսի հարց կտա՞ն.
-Պարոն Շարմազանով, բայց ժամանակին ՀՀԿ-ն դեմ էր՝ ինչպես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, այնպես էլ պառլամենտական կառավարմանն անցնելու ՀՅԴ և «Ժառանգության» առաջարկներին:
Պատասխանն ուղղակի ցնցող է, մտքի տիտանին վայել.
-Այո, Հանրապետական կուսակցությունն այն ժամանակ ասում էր, որ այն ժամանակ ժամանակը չէ:
Դե իհարկե, հարգելի պարոն, ժամանակ կար, որի ժամանակ ժամանակը ժամանակին չէր, պարզապես ժամանակ էր պետք, որ ժամանակը ժամանակին դառնա, այլապես անժամանակ ժամանակը ժամանակավրեպ պիտի լիներ… Ու՜ֆ, խճճվեցի շարմազանովյան ժամանակի բավիղներում… Դե, իհարկե, նա ճիշտ է ասում. օրինակ, նախընտրական շրջանում ՀՀԿ-ն հասկանում էր, որ էդ ժամանակ դեռ ժամանակը չի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին խոսել, հետո եկավ ժամանակը եւ ժամանակին թանկացրին, նույն կերպ տրանսպորտի գինը, հո ժամանակին ժամանակը չէ՞ր եկել, այ երբ ժամանակը ժամանեց (ոչ 100 դրամանոց երթուղայինով, ժամանակն, ինչպես գիտենք, շարժվում է անկախ հայոց խորհրդարանի գծատեր պատգամավորների կամքի), ժամանեց նաեւ պայծառացումը…
Մարդ Օտյանի կամ Լեռ Կամսարի տաղանդը չունենա՞ր, բա… Ախր չեք պատկերացնում է, թե լավ երգիծաբանի համար ինչ նյութ է Շարմազանովի ամեն մի խոսքը: Ահա, օրինակ, այս մեկը՝ դարձյալ նույն հարցազրույցից. «Եվ կարծում եմ՝ ուրբաթը չհասած շաբաթի մասին պետք չէ մտածել»: Դե մարդ է, լսել է «ուրբաթը շաբաթից շուտ եկավ» ասացվածքը (որ լրիվ ուրիշ իմաստ ունի), բայց չգիտի երբ եւ որտեղ են օգտագործում: Իսկ էն, որ չի կարելի ուրբաթը չեկած շաբաթի մասին մտածել… Ինչո՞ւ չի կարելի, որ… Օրինակ, դուք, պ-րն Շարմազանով, ենթադրենք որոշել եք շաբաթ օրը գնալ ձեր հայրենի Ալավերդի, սպասում եք մինչեւ ուրբաթը անցնի, հետո՞ մտածեք էդ մասին… բայց եթե արդեն որոշել եք, նշանակում է մտածել եք, չէ՞… Դե մտածելը հո հին կամ նոր սակագնո՞վ չի, մտածեք էլի, երկուշաբթի էլ մտածեք, երեքշաբթի էլ… թե՞ գալիս է շաբաթը՝ Ճանապարհվում եք Ալավերդի, հետո՝ ընկողմանած ծառայողական մեքենայում, սկսում եք մտածել՝ գնա՞մ, թե՞ չգնամ ու մինչ մտածում եք, հասնում եք Ալավերդի… Էդպես նաեւ պատգամավորների մի (մտածելու քիչ թե շատ ընդունակ) մասն է անում սովորաբար. խոսում է, հետո մտածում… Բայց կրկնում եմ, սա մի մասին է վերաբերում: Էն մյուս մասը թող չնեղանա: Էդ մյուս մասը խոսում է, իսկ մտածելու զահլա եւ միջոց («միջոց» բառը ժամանակի իմաստով է… Իսկ դուք ի՞նչ հասկացաք) չունի…
Արդեն լավ զվարճացել էի Շարմազանովյան մտքի փայլատակումներից, մեկ էլ՝ ըհը, հառնեց նրա անմիջական շեֆը խորհրդարանի գծով (կուսակցական գծով անմիջական շեֆն ուրիշ է, կարծում եմ՝ գիտեք)՝ Հովիկ Աբրահամյանը: «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեսանյութում (դիտել 06,35 րոպեից) ԱԺ նախագահը, խոսելով քննարկումների արդյունքում Սահմանադրության մեջ տեղի ունենալիք փոփոխությունների մասին, ասում է. «Հնարավոր է, որ չունենա եւ հնարավոր է, որ ունենա»:
Մտքի ինչպիսի՜ թռիչք… Ճիշտ ինչպես մի փոքր երեխա էր ասել՝ նայելով նարդի խաղացող հորն ու հորեղբորը. «Հաստատ գիտեմ՝ կամ պապան ա կրելու, կամ հոպարը»: Դե, ԱԺ խոսնակը՝ ըստ սահմանադրական հիերարխիայի պետության երկրորդ դեմքն էլ, հաստատ գիտի՝ սահմանադրական փոփոխությունները կամ տեղի կունենան, կամ տեղի չեն ունենա: Վստահ է: Միանգամայն ու միանշանակ…
Քաղաքական ուժերը թեժ աշուն են խոստանում: Գուցե եւ էդպես լինի: Իսկ ես՝ համեստագույն մի գրիչ, արդեն կանխավայելում եմ այն հաճույքը, որ ստանալու եմ քաղաքական, մերձքաղաքական ճառերից. ի՜նչ գլուխգործոցներ են հնչելու…. Դե, ձեզ տեսնեմ, «քաղաքական, կուսակցական եւ պետական գործիչներ»՝ ի գործ: Սպասում եմ ձեզ, ավելի ճիշտ՝ ձեր գոհարներին (որոշ խիստ ինտելեկտուալ պատգամավորների համար մեկնաբանեմ, որ գոհարը էստեղ կնոջ անուն չէ, եւ եթե նրանցից որեւէ մեկի կնոջ անունը Գոհար է, խնդրում եմ, «սպասում եմ գոհարներին» արտահայտությունն ուղիղ իմաստով չհասկանա): Դե, իսկ ես էլ խոստացել եմ, չէ՞, որ դրանք (գոհարները, ոչ թե Գոհարներին) հավաքելու եմ ու ի պահ հանձնեմ սերունդներին: Խոստումս կատարելու եմ՝ ա՛յ էսպիսի մեկնաբանություններով: Ես, ի տարբերություն ձեզ, իմ խոստումները միշտ կատարում եմ:
Պատգամավոր լինեմ, թե սուտ եմ ասում:
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ