Այսօր ԵՊՀ էր եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ճիշտ այն պահին, երբ նախարարը մտնում էր ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, նրան փորձեցին դիմավորել ուսման վարձերի թանկացման դեմ բողոքի ակցիա անող ուսանողները, սակայն ոստիկաններն անմիջապես շղթա կազմեցին եւ թույլ չտվեցին նրանց մոտենալ նախարարին:
Էդվարդ Նալբանդյանը ուսանողներին չնկատելու տվեց: Ուսանողները գոռում էին՝ «Վարձավճարները բարձրացրել են ապօրինի կերպով, պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ որոշումը:
Ավելի ուշ ԵՊՀ-ում Aravot.am-ը նախարարին հարցրեց՝ ինչո՞ւ արհամարհեցիք ուսանողներին: Նա պատասխանեց. «Եթե արհամարհեի, ինչի՞ պետք է գայի հանդիպելու ուսանողների հետ: Մեր դիտարկմանը, որ դրսում ցույց անող ուսանողներն էլ են ուսանող՝ նա պատասխանեց, թե արտգործնախարարությունը ուսման վարձերի հետ կապ չունի եւ չի զբաղվում այդ խնդրով: Մեր դիտարկմանը, որ որպես պաշտոնյա, կառավարության ներկայացուցիչ կարող էիք Ձեր աջակցությունը հայտնել, Դուք ուսանող բարեկամներ չունե՞ք՝ նախարարը պատասխանեց. «Ես էլ եմ ուսանող եղել, ուսանող բարեկամներ ունեմ»,- ասաց նա եւ շտապեց մտնել վերելակ:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, երբ Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից հետո դուրս էր գալիս շենքից, բողոքի ակցիա անող ուսանողները նրան արդեն դիմավորեցին «ա-մոթ, ա-մոթ» կոչերով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ