Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանին վարկաբեկողը դավաճան է. Նորատ Տեր-Գրիգորյանց

Սեպտեմբեր 02,2013 11:19

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, Արցախյան պատերազմի կազմակերպչական որոշ հարցերի շուրջ օրերս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի տված հարցազրույցները շահարկումների տեղիք տվեցին: Նախ՝ գեներալ-մայորը նշեց, որ Դուք չցանկացաք մնալ այն խնդիրների մեջ, որոնք կային մեր բանակում, հակասություններ ունեիք նաև Վազգեն Սարգսյանի և նրա ստեղծած խմբավորումների հետ, որի պատճառով էլ թողեցիք-հեռացաք: Ո՞րն է իրականությունը:

– Երևի Կոմանդոսը նման հայտարարությամբ հանդես է եկել իմ՝ ավելի վաղ տված հարցազրույցից հետո: Ես Ձեզ պաշտոնապես ասում եմ, որ դա ճիշտ չէ, ես այն անհատականությունը չեմ, ում որևէ մեկը նեղացնի, կամ ես նեղացնեմ: Ես հրավիրվել եմ Հայաստան ՀՀ ԶՈւ ձևավորելու համար, որը երբեք այդքան գիտականորեն չէր եղել կազմակերպված՝ որպես կանոնավոր զինված ուժեր: Ի դեպ, նկատի ունեմ վերջին հարյուրամյակը: Ուստի ինձ հրավիրեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև՝ Վահան Շիրխանյանը: ԶՈւ ձևավորման ընթացքում ինձ խնդրեցին լինել ՀՀ պաշտպանության նախարար, ես հրաժարվեցի այդ պարտականությունից և խնդրեցի, որ Վազգեն Սարգսյանը նշանակվի նախարար, բայց նա մշտական հանձնաժողովի նախագահ էր, եթե չեմ սխալվում: Նա ասում էր, թե չի հասկանում այդ ամենից, բայց մենք ասում էինք, որ կօգնենք իրեն, որ ես կզբաղվեմ՝ որպես զինված ուժերի մասնագետ, իսկ ինքը ամբողջությամբ՝ որպես ՀՀ ՊՆ նախարար, ադմինիստրատիվ գործունեությամբ և այլն, և այլն:
Ինձ համար Վազգեն Սարգսյանը չորս տարվա ընթացքում, որքան որ ես այնտեղ էի, օրինակ էր հայրենասիրության, հայրենիքի, հայ ժողովրդի հանդեպ սիրո: Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել, թեև ես չէի էլ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որպեսզի որևէ մեկն ինձ որևէ տգեղ բառ ասեր, չէ՞ որ մենք ԶՈւ էինք ստեղծում և անցկացրինք բանակային հակահարձակողական գործողություն և ազատագրեցինք մեր հողերը:
Ոչ մի անգամ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որևէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել ևս: Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին, թեև ես երբեք ոչինչ չեմ արհամարհել: Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, և ես խոնարհվում եմ նրանց առջև: Ես պաշտոնապես եմ այդ մասին հայտարարում: Երբ եկավ ժամանակը հեռանալու, քանի որ ես ծրագիր ունեի, ես չէի մնալու Հայաստանում ապրելու, ես ապրել եմ Մոսկվայում՝ Աֆղանստանի կռվից հետո։ Գալով Հայաստան՝ ես ասել էի, որ չեմ մնալու այդտեղ և այդ մասին ասել եմ։ Ոչ մեկ անգամ խնդրել են դառնալ պաշտպանության նախարար, ես բազմիցս հրաժարվել եմ, քանի որ նախարարները շեղվում էին, ժողովների էին գնում, իսկ բանակը պետք էր ձևավորել և ղեկավարել, ուստի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Վազգեն Մանուկյանին, իսկ հետո Վազգեն Մանուկյանը հեռացավ ինչ-որ տեղ, և ես ստանձնել եմ պաշտպանության նախարարի պարտականությունները, և՝ գլխավոր շտապի պետի։ Իսկ Վազգեն Սարգսյանը դարձավ պետնախարար, և նա համակարգում էր բոլոր ուժային կառույցները Հայաստանում, և մենք ենթարկվում էինք իրեն, իսկ երբ ամեն ինչ վերջացավ, պատերազմը վերջացավ, ես խնդրեցի ինձ հեռացնել ԶՈւ համակարգից, որպեսզի վերադառնամ իմ հայրենիք:
Ինձ խնդրեցին ասել թե ում պետք է նախարար նշանակեն, ես էլ ասացի, որ կարող են նշանակել Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղից։ Ես եմ առաջարկել, և այդ ամենի վկան Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այդ ժամանակ ինձ ուղարկեցին ՆԱՏՕ՝ Բրյուսել, ես հաշվետվություն ներկայացրեցի պատերազմի վերաբերյալ և երբ վերադարձա Սերժ Սարգսյանն արդեն նստած էր նախարարի աշխատասենյակում: Հետո ես մոտավորապես մեկ տարի նրա առաջին տեղակալն էի, որպեսզի նրան իրավիճակի մեջ մտցնեի, քանի որ խոսքը բանակի մասին էր, որովհետև խոսքը խմբավորման մասին չէր, այլ բանակի, և արդեն այդ ամենից հետո ես Վազգեն Սարգսյանին զեկուցեցի և նախագահին. «Սիրելիներս, թողեք ինձ, խնդրում եմ, ես իմ առջև դրված խնդիրը կատարել եմ»: Հետաքրքիր է, որ նրանք ինձ չէին թողնում, չէին թողնում։ Երբ մենք թռնում էինք Մոսկվա, և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Տեր-Պետրոսյանը նույնպես միևնույն ինքնաթիռի մեջ էին և ուղևորվում էին հանդիպման… Քանի որ ես Հայաստանում հրաժարվեցի աշխատավարձից, և ինձ տալիս էին հնարավորություններ սննդի համար, մինչ Մոսկվա թռիչքը Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը մոտեցան ինձ և նրանք ինձ տվեցին 100 դոլար՝ ասելով, թե պետք կգա: Չափազանց ընկերական, եղբայրական, չափազանց լավ մթնոլորտում ենք բաժանվել: Ես կարող եմ ասել, որ երբեք որևէ մեկն այդ մարդկանցից ինձ չի նեղացրել: Երբ ես մեկնեցի, և Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, ոչ մեկ անգամ է Մոսկվա եկել, խնդրել հանդիպել։ Ես գալիս էի, նա հրավիրում էր ինձ ցանկացած պաշտոնի, հիշեցնում էր, թե ինչ հրաշալի կերպով ենք բանակ ստեղծել միասին, հաղթեցինք, ազատագրեցինք մեր հողերը: Ես ասում էի. «Վազգեն Զավենովիչ, դե ցանկալի չէ այդքան, ես Հայաստանի բնակիչ չեմ, պարզապես ես այնտեղ չեմ ծնվել, այնտեղ կան մարդիկ, ովքեր ապրում են և ավելի մոտ են այդ ամենին»: Բայց ես լսել եմ, որ մի թերթում գրվել է, թե ես նեղացել ու հեռացել եմ։ Ես կին չեմ, տղամարդ եմ, ի դեպ՝ ջենտլմեն տղամարդ, և նեղանալ որևէ մեկից չեմ պատրաստվում: Արկադի Տեր-Թադևոսյանը վարկաբեկում է Վազգեն Սարգսյանին, դա իրեն պատիվ չի բերում: Նա սխալ է արտահայտվել:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, Դուք հարուստ զինվորական ու կազմակերպչական փորձ ունեցող գեներալ եք և ճիշտ կգնահատեք, թե արդյոք տեղի՞ն են խոսակցություններն այն մասին, թե Վազգեն Սարգսյանը զենք չի վերցրել իր ձեռքը և այլն, և այլն, քանի որ նման խոսակցություններ ևս եղել են: Նման հարց արժե՞ արդյոք այսօր բարձրացնել և անգամ խոսել այդ մասին:

– Հիմարություն է, երբ նման մեծության ղեկավարը ավտոմատ է վերցնում և գնում է կռվի: Այդպիսի հիմարություններ չպետք է խոսել: Ղեկավարը պետք է ղեկավարի, առաջնորդի՝ հակազդել թշնամուն, հակահարձակողական դուխ հաղորդել, շրջանցման, գրավման, մեծացնել ճնշումները, հետ մղվել, պաշտպանության անցնել, խոցել հակառակորդին, հարձակման անցնել, այսինքն ղեկավարել, իսկ ավտոմատ վերցնելն ամենահեշտ բանն է, իսկ մոբիլիզացնել հարյուր հազարավոր մարդկանց՝ ավելի ծանր է, քան կռվելը: Ուստի նա չէր մասնակցում ավտոմատով, բայց նա չպետք է մասնակցեր, ես ևս ավտոմատ չէի վերցնում իմ ձեռքը: Ես ունեի զենք, բայց կռվի բովում չեմ եղել, նույնիսկ Աֆղանստանում, բայց ես այնպիսի հակահարձակողական գործողություններ էի իրականացնում, որ այսօր ԱՊՀ երկրների հրամանատարներն ուսումնասիրում են ռազմական ակադեմիաներում: Եթե այդ մասին խոսել է Արկադի Տեր-Թադևոսյանը, ապա նա չգիտի՝ ինչ ասել է պատերազմ: Վազգեն Սարգսյանին վարկաբեկողը դավաճան է:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Չէ ես երկրում 96 թիվը հաշվի առնող չկա՝ ժողովրդի դեմ զորք հանողը, եթե «շեֆ» է ուրեմն ճիշտ է՝ ժողովրդի հերն էլ անիծած: Խոսք չկա ասելու «դուզ խոսացող» գեներալներ ունենք աշխարհը չունի:

    Ով ինչ անի իրեն կանի:

  2. ՀՈՊ says:

    Մեծարգո գեներալ լեյտենանտ, իսկական հայրենասեր Տեր- Գրիգորյանց… մեդալը ունի երկու երես…այն ինչ արեցին Վազգենը, Վանոն ու իրենց համախոհները 1996-ին, 1998-ին, ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 2-րդի` Իշխանության յուրացումը որեվէ կազմակերպության կամ անհատի կողմից ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է…Այս իրավիճակի համար, որ տիրում է այժմ Հայաստանում, սարսափելի չափերի հասնող արտագաղթի համար պատասխանատու են այդ ընկերները եվ իրենց կողմից Հայաստան բերված քոչարյանականները… Հետագա սերունդներին հարկավոր է իմանալ ճշմարտությունը…Դուք Մեծատառով Հայ եք, այժմ էլ Արեվմտահայոց Ազգային Համագումարում բուռն գործնեությամբ էք զբաղված, Ձեզ մաղթում եմ քաջառողջություն

  3. Արամ says:

    Կոմանդոսև ոչ վիրավորել, առավել ևս ոչ էլ ուրացել է Վազգեն Սարգսյանի ներդրումը պատերազմի հաղթանակի և բանակաշինության գործում: Վազգենի սխալը նա համարել է իր շրջապատի ընտրությունը: Հոկտեմբերի 27-ը չբացահայտված էջեր շատ ունի, այդ մասին գիտի շարքային ցանկացած հայաստանցի, այդ մասին ընդամենը բարձրաձայնել է Կոմոնդոսը: Հոդվածը կարդացել եմ մի քանի անգամ նույնիսկ տողատակում, բացի վերոհիշյալից այլ մեղադրանք չի հնչել Վազգեն Սարգսյանի հասցեին, իսկ դա մեղադրանք չէ , այլ կարելի է որակել մարդկային թուլություն շրջապատի ընտրության հարցում, որի համար պատասխան տվեց իր կյանքով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30