Սեպտեմբերի 14-ին Հայաստանում ընտրություններ են, բայց այս անգամ փաստաբանների պալատի նախագահի: Թեկնածուները չորսն են` Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը,Աշոտ Թադեւոսյանը:
Թե ինչպես է ընթանում ընտրարշավը եւ ինչպիսին կուզեին, որ լինի պալատի նորընտիր նախագահը, պատասխանում են փաստաբանները:
Ռուբեն ԲԱԼՈՅԱՆ.
-Սկզբում կցանկանայի անդրադառնալ երկրորդ հարցին: Ի դեմս պալատի նախագահի՝ կցանկանայի տեսնել հզոր անձնավորության, օժտված սատար կանգնելու, բարդ իրավիճակներից պատվով դուրս գալու, արագ և ճիշտ արձագանքելու,կողմնորոշվելու, ընտրարշավի ընթացքում տված իր խոսքին տեր լինելու ունակություններով։ Պալատի նախագահը պետք է լինի նաև լավ կազմակերպիչ, բանիմաց և սկզբունքային անձնավորություն։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է պալատի նախագահի ընտրարշավին, ապա այն իր հունով գնում է։ Իհարկե, ջուրը իր հունից մի պահ դուրս եկավ, բայց կարծում եմ, որ առանց դրա էլ չէր լինի։ Իսկ ինչ վերաբերվում է բուն ընթացքին, ապա կարծում եմ, որ թեկնածուներից յուրաքանչյուրը ընտրել է յուրովի մարտավարություն։ Գտնում եմ, որ հիմնական պայքարը կծավալվի Կրոմվել Գրիգորյանի և Արա Զոհրաբյանի միջև։
Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ.
-Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցնում են նորմալ: Ոչ բոլոր թեկնածուները ունեն ծրագրեր, բայց կան, որ ներկայացնում են ծրագրեր:
Իսկ թե ինչպիսին կուզեմ լինի պալատի նախագահը՝ ասեմ, որ լինի օրինական ընտրված, պարտավորված կլինի աշխատել նորմալ:
Անի ԹՈՐՈՍՅԱՆ.
-Փաստաբանական պալատի նախագահի ընտրության քարոզարշավը ընթանում է բավականին անառողջ մթնոլորտում: Թեկնածուների «փոխհրաձգությունը» վեր է ածվել թիմերի «փոխհրաձգության» : Եթե թեկնածուներից մեկը կամ երկուսը որոշել են խոսել պալատում առկա խնդիրների մասին, ապա դա միայն ողջունելի պիտի լինի: Հակառակ դեպքում կնմանվենք գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի: Այլ հարց է, թե ինչ ձևով պետք է ներկայացվեն այդ քննադատությունները: Դրանք պետք է լինեն առողջ, փաստարկված և առանց վիրավորանքների :
Ոչ բոլոր թեկնածուներն են, որոնց բոլոր փաստաբանները ճանաչում են: Իմ կարծիքով, նախագահը առաջին հերթին պետք է աչքի ընկնի իր մասնագիտական լուրջ կարողություններով: Իսկ առ այսօր ես չհանդիպեցի որևէ թեկնածուի փաստաբանական ձեռքբերումների վերաբերյալ տեղեկության :
Նախագահը պետք է իր կոշտ դիրքորոշումը ցուցաբերի կայացվող յուրաքանչյուր ապօրինի վճռի կամ դատավճռի նկատմամբ : Բարձրաձայնի այդ մասին, ժամանակ առ ժամանակ որոշ վերլուծություններ ներկայացնի մամուլին, թե հատկապես որ դատավորի կողմից են առավելապես շատ խախտումներ թույլ տրվում: Անմիջապես արձագանքի, երբ որևէ փաստաբանի նկատմամբ ոտնձգություն կամ այլ հետապնդում է իրականացվում: Եվ դա պետք է լինի տեսանելի բոլորի համար : Իսկ այդ ամենի համար թեկնածուն պետք է լինի կատարյալ անկախ անձ : Համայնքը միավորվելու կարիք ունի, իսկ դա կարող է անել միայն նախագահը: Ֆինանսական հաշվետվությունը ևս շատ կարևոր է: Յուրաքանչյուր փաստաբան պետք է տեղյակ լինի , թե ինչ նպատակին են ծառայել վճարած անդամավճարները:
Լիպարիտ ՍԻՄՈՆՅԱՆ
-Ես այդ թեմայի վերաբերյալ <բառադուլ> եմ հայտարարել: Այդ թեմայով ոչ խոսում եմ, ոչ գրում եմ, նույնիսկ չեմ մտածում:
Ալեքսանդր ՍԻՐՈՒՆՅԱՆ.
-Ուժեղ, խելոք, Պալատը համախմբող…)))
Ընտրարշավը, առանձին «ձախությունները» չհաշված, ընթանում է նորմալ: Կարծում եմ, որ ուժերը հավասար չեն…
Ռուբեն ԱՅՎԱԶՅԱՆ.
Նախ նշեմ, որ ես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան չեմ: 14.09.2010 թ.-ից Եվրոպական դատարանի փաստաբան եմ: Եվրոպայի խորհրդից ստանում եմ իմ աշխատավարձը՝ 850 եվրո, հետագայում այդ գումարը ՀՀ պետական բյուջեից ետ է վերադարձվում Եվրոպայի խորհրդին:
Իմ կարծիքով 14.09.2013թ. ընտրություններին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ կընտրվի հասարակական գործիչ, փաստաբան՝ Արա Գագիկի Զոհրաբյանը, քանի որ ես տեղյակ եմ իր մասնագիտական բարձր մակարդակի մասին:
Մարատ ԿՈՍՏԱՆՅԱՆ.
-Կարծում եմ, չնչին վերապահումներով, որ նույնիսկ շատ խաղաղ, ֆավորիտը մեկն է` Արա Զոհրաբյանը, էն մյուս երկուսը ինքնադրսեւորման առիթ են գտել միայն: Ցանկացած ընտրություններում /որեւէ կազմակերպությունից սկսած ընդհուպ մինչեւ նախագահական/ իմ սկզբունքը մեկն է` ո´չ թե ո՞վ է ամենալավը, այլ` բացառել նրանց, ում չի կարելի, ում չեմ վստահում: Պալատի ձեռքբերումներն անուրանալի են, հետեւաբար` շարունակականությունն այստեղ կարեւոր է:
Պատրաստեց` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ