Ամռան վերջին օրը, երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում ամփոփվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացված «Երևանյան ամառ» խորագրով ծրագիրը: Ժամը 19-ից մեկնարկած միջոցառման առաջին հատվածում մանուկների համար կազմակերպվել է տոնական համերգային ծրագիր` սիրված մուլտհերոսների մասնակցությամբ: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ազգային պարերի ուսուցում: «Երևանյան ամառ»-ի եզրափակիչ ծրագրին մասնակցել են հայկական էստրադայի սիրված և ճանաչված երգիչները: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից նաև հնարավորություն է ստեղծվել ներկայացնելու հայտնի հիթեր` կարաոկեի միջոցով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս ներկա է գտնվել «Երևանյան ամառ»-ի ամփոփիչ գեղարվեստական միջոցառմանը, երևանցիների հետ հետևել համերգային ծրագրին: Շրջելով տարածքում՝ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է քաղաքացիների հետ, ովքեր շտապել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին ամռան ընթացքում մատուցված հաճելի անակնկալների ու նախաձեռնությունների համար:
Նշենք, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում մարզամշակութային, սոցիալական, առողջապահական: Ծրագրի հիմնական նպատակը մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող բնակիչների համար առօրյան առավել լիարժեք և հետաքրքիր դարձնելն էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն