Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. Ղարաբաղյան շարժումն առաջին «գունավոր հեղափոխություններից» էր

Սեպտեմբեր 02,2013 10:51

Հաճախ մենք 20-րդ դարը ներկայացնում ենք մռայլ գույներով, հայոց պատմության մեջ այն ցեղասպանության հետ ասոցացնելով, բայց պատմական հեռվից շուտով այլ կերպ կընկալենք անցյալ դարը: Այսօր, Լեռնային Ղարաբաղի հռչակման 22 ամյակի եւ ղարաբաղյան շարժման 25 ամյակի առիթով «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ բանախոսի, պատմության մեջ անցյալ դարը կմնա որպես հայոց երկու պետականությունների`ՀՀ-ի եւ դեռ չճանաչված, բայց կայացած պետություն ԼՂՀ-ի կայացման դար: «Իհարկե, չմոռանալով դարասկզբի ողբերգությունը`մենք պետք է կանգ առնենք` կողմնորոշվելով մեր ձեռքբերումների վրա»,- կարծում է քաղաքագետը:

Ղարաբաղյան շարժումը նա համարում է «դարակազմիկ երեւույթ եւ քառորդ դար անց մենք պարտավոր ենք նորովի նայել այդ իրականությանը, քանի որ դեռ «գաղտնի էջեր կան»:

Բանախոսի կարծիքով, շատ լավ կլիներ, որ շարժման ակտիվիստներն ու առաջնորդներն ավելի հաճախ անդրադառնային շարժման պատմությանը, որպեսզի չկորցնենք եւ մոռացության չմատնենք այն բազմաթիվ փաստերը, որոնք կարող են էականորեն պայմանավորել շարժման բնույթը: Այն փաստերն ու իրադարձությունները, որոնք արդեն հրապարակային են եւ հնչեղություն են ստացել, ըստ Մանասյանի, նույնպես թույլ են տալիս վերլուծություններ անել շարժման քաղաքական շարժառիթների մասին:

Միաժամանակ, հիշելով անցյալ դարի իրադարձությունները, երբ ղարաբաղյան թեման շոշափողները մինչ այդ հետապնդվում էին, բայց արդեն 1988-ից սկսած այլ վերաբերմունք դրսեւորվեց այդ հարցի վերաբերյալ, ինչը հանգեցրեց ընդհուպ մինչեւ բազմահազարանոց բողոքի ակցիաների՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պատմաբանները հավանաբար հետագայում կամրագրեն, որ «ղարաբաղյան շարժումը երեւի թե եղել է գունավոր հեղափոխություններից» առաջիններից մեկը: «Այդ շարժման մեջ կա մի միջազգային քաղաքական ենթաշերտ, որը բացահայտված չէ»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ այդ առիթով ի հայտ եկած որոշ բաղադրիչներ հետագայում առավել հստակ դրսեւորվեցին գունավոր հեղափոխությունների շարքում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30