Տեխնոլոգիական խոշոր ընկերությունների, այդ թվում` Microsoft-ի, Facebook-ի և Google-ի բանակցություններն ԱՄՆ կառավարության հետ` ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մանրամասների բացահայտման հարցով, անարդյունք են ավարտվել: ITAR TASS-ի փոխանցմամբ` այժմ համակարգչային հսկաները դատարանում կվիճարկեն հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկատվության հրապարակման իրենց իրավունքը: Հուլիսին կորպորորացիաները դատական հայց էին ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ` հիմնվելով ԱՄՆ-ի սահմանադրության ուղղման վրա, որը երաշխավորում է խոսքի ազատությունը:
Իր հերթին Facebook-ը հրապարակել է մի շարք փոփոխություններ, որոնք ծրագրում է ներմուծել օգտատիրական տվյալների կիրառման կանոններում, այս մասին գրել է ria.ru-ն: Մասնավորապես, Facebook-ը ծրագրում է դեմքերի ճանաչման միասնական բազայում միավորել օգտատիրական պրոֆիլների լուսանկարներ: Դա կհեշտացնի Tag Suggest գործառույթի աշխատանքը, որը թույլ է տալիս ծանոթներին արագ նշել լուսանկարներում:
Skype-ը ևս նորամուծություն է կատարել: Այն ներմուծել է եռաչափ տեսազանգերի հնարավորություն: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է Microsoft ընկերության փոխնախագահ Մարկ Ջիլեթը: Նրա խոսքով՝ եռաչափ տեսազանգերի աջակցման համար անհարժեշտ տեխնոլոգիաներն արդեն ստեղծվել են և փորձարկվում են Skype-ի լաբորատորիաներում, սակայն մշակումը կարող է օգտատերերին հասնել մի քանի տարի անց:
Twitter-ում նոր գործառույթ է հայտնվել. այն հեշտացնում է ժապավենում առանձին հաղորդագրությունների մեկնաբանությունների ընթերցումը, այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգում: Թվիթների ներքո գրված պատասխաններն այժմ խմբավորվում են ժամանակագրական կարգով և միմյանց կապվում կապույտ գծով: Մեծ թվով մեկնաբանությունների դեպքում օգտատերերին ավտոմատ կերպով կցուցադրվի դրանցից միայն երեքը: Բոլոր մեկնաբանությունները դիտելու համար հարկավոր է սեղմել «Ցուցադրել ամբողջը» կոճակը: Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն միկրոբլոգների ցանցի վեբ տարբերակին, այլև iOS և Android օպերացիոն համակարգերի հավելվածներին:
Կարդացեք նաև
Twitter-ում հաղորդագրություն է տարածվել նաև այն մաիսն, որ Tumblr սոցցանցի նախկին մեդիա տնօրեն Մարկ Քոաթնին Al-Jazeera հեռուստաալիքի ամերիկյան մասնաճյուղում կզբաղվի էլեկտրոնային մեդիայի զարգացմամբ: Նոր պաշտոնից բացի՝ 2013-ի հունիսին Tumblr-ը լքած Քոաթնին կզբաղեցնի նաև Al-Jazeera America-ի ավագ փոխնախագահի պաշտոնը:
Տիգրանուհի Թասլակյան