Երեւանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում նոր ուսումնական տարին կսկսվի սոցկենցաղային կողմնորոշման ուսուցման դասասենյակի բացումով, որտեղ չտեսնող եւ թույլ տեսողություն ունեցող երեխաները ձեռք կբերեն կյանքի համար անհրաժեշտ խոհարարական հմտություններ:
Ըստ դպրոցի տարածած տեղեկության, հատուկ սարքավորումներով եւ տեխնիկայով դասասենյակն ամբողջությամբ կահավորել եւ համալրել է Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամը՝ Չեխիայի Հանրապետության զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Դասասենյակի վերանորոգման դրամաշնորհը դպրոցին է տրամադրել Ֆրանս-Հայկական զարգացման հիմնադրամը:
Խոհանոցի կահավորման եւ տեխնիկական վերազինման ժամանակ հաշվի են առնվել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների առանձնահատկությունները եւ հատուկ պահանջները՝ դասասենյակը դարձնելով հարմարավետ եւ ֆունկցիոնալ:
Սոցկենցաղային կողմնորոշման ուսուցումը տեսողական խանգարումներով երեխաների համար ինքնուրույնության եւ ինքնահաստատման մեծ խթան կլինի, ինչն էլ իր հերթին կօգնի նրանց կյանք մտնել որպես հասարակության լիիրավ անդամներ:
Դասընթացներն արդեն իսկ ներառվել են դպրոցի ուսումնական պլանում եւ կսկվեն ուսումնական տարվա սկզբից:
Ծրագրի նախաձեռնողների համոզմամբ կյանքի հմտությունների զարգացմանն ուղված նմանատիպ ծրագրերի իրականացումը հանդիսանում է երեխաների եւ երիտասարդների զարգացման ու հետագայում որպես անհատների եւ հասարակության լիարժեք անդամների կայացման անհրաժեշտ բաղկացուցիչը:
Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12.000 չտեսնող եւ տեսողության խնդիրներ ունեցող անձիք, որոնց մեծ մասն ունեն սոցիալ ինտեգրման խնդիրներ, ակտիվ ապրելակերպի, ինչպես նաեւ ինքնուրույնության եւ ինքնակարգավորման բազմաթիվ խոչընդոտներ: