Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Վայոց Ձորի մարզից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ, ժամը 21:00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 33-ամյա Զակեր Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին, վարելով Peugeot 207 մակնիշի 50 A 555-10 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 158 կմ հատվածում՝ դեպի Երեւան ընթանալիս, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվել ճամփեզրյա փոսը:
Վթարի հետեւանքով Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոմեքենայի ուղեւոր, Իրանի քաղաքացի, 73-ամյա Ֆարխունդե Համզեի Մովասակիգարգարինը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են եւս 2 հոգի, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդ՝ Զ. Աբդոլհաշեմի Զաբիհիգարգարին աշխատում է Թավրիզ քաղաքի «Ադրբեջան» կլինիկայում՝ որպես ատամնաբույժ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: