Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Արարատի կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյանը իր եղբայրն է եւ նա աչք ունի Արարատի քաղաքապետի պաշտոնի վրա:
«Կադաստրի նախկին պետ Վահրամ Հովհաննիսյան եղբայր ես չեմ ունեցել, դա մի քանի մարդկանց հերթական ֆանտազիան է, ազգակցական կապ էլ չունեմ իր հետ: Ճանաչում եմ Վահրամ Հովհաննիսյանին, նա արտաշատցի է, Արարատում երբեք գրանցված չի եղել, այնտեղ չի ապրել եւ նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հետ մոտ ընկերներ են եղել, այնպես որ նա հավակնություն էլ չի ունենա քաղաքապետ դառնալու:
Իսկ թե ում է տեսնում նախկին ոստիկանապետը Արարատի քաղաքապետի պաշտոնին, Ալիկ Սարգսյանը նշեց, որ դժվար է ասել, վաղուց կտրվել է այդ ամենից, եւ ամենաճիշտ որոշումը կկայացնի ժողովուրդը, իր ուզելը քիչ է եւ չնչին: «Ես ընդհանրապես չեմ մասնակցելու, ի՞նչ կապ ունեմ Արարատի հետ, Արարատ քաղաքը շատ սիրում եմ, ժողովրդին շատ հարգում եմ,Արարատի պատվավոր քաղաքացի եմ, բայց ընտրություններին չեմ մասնակցելու, ժողովրդի իրավունքն է, թող ժողովուրդը իր համար քաղաքապետ ընտրի, Արարատում բարեկամ էլ չունեմ, ազգական էլ չունեմ, իմ եղբայրները բոլորը Արտաշատում են, Արտաշատի գրանցում ունեն, որեւիցե հավակնություն չկա, որեւիցե տրամաբանություն չկա, բացի հերյուրանքից եւ զառանցանքից»,- ասաց նա:
Արարատում նոր ընտրություն է նշանակված, քանի որ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը օգոստոսի 15-ին մահացել է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
Ինչ կապ ունի այս հոդվածը վերնագրի հետ?