Այսօր «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» նախաձեռնող խմբի ակցիան՝ իրենց շուկայի հարեւան շենքերի բնակիչ համարողները ամեն կերպ փորձեցին տապալել:
Ակցիային հետեւող Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու կողքին կային մի խումբ երիտասարդներ, որոնք, ըստ ականատեսների, ակտիվիստների դեմ դուրս եկած կանանց հրահրում էին՝ ուղղորդելով, թե ինչ ասեն կամ երբ հարձակվեն ակտիվիստների վրա:
Սամվել Ալեքսանյանին պաշտպանող կանայք հրում, խփում եւ ամենավերջին հայհոյանքներն էին տալիս ակտիվիստներին՝ պնդելով. «Մի խանգարեք բարերարին, դուք սոված չեք, գրանտ եք ուտում, թողեք մենք էլ մեր հացի փողը վաստակենք»:
Կարդացեք նաև
Ակտիվիստների դեմ դուրս եկած խումբը նաեւ պնդում էր, որ «Փակ շուկան» YerevanCity չի դառնալու. «Նորոգվել է, ի՞նչ եք ուզում: Մենք ներսն էլ ենք տեսել, դուրսն էլ, դու տեսե՞լ եք, որ պնդում եք City ա: Կռիսները, որ շուկայում վխտում էին, լա՞վ էր, անգամ մեր տներն էին բարձրանում: Շռում էին պատերի տակ, հոտը մեր տուն էր լցվում: Մութն ընկնում էր, ոչ մի ջահել աղջիկ ռիսկ չէր անում, ստեղով անցներ: Ի՞նչ եք խոսում, ո՞վ եք դուք»:
Ակտիվիստների ու նշված քաղաքացիների բախումը կանխելու համար ոստիկանները պատնեշ կազմեցին նրանց միջեւ, բայց Ալեքսանյանին պաշտպանող կանանց չէր խանգարում, որ գետնանցումով անցնեին ու հակառակ կողմից «գողանային» ակտիվիստների պաստառները կամ նրանց հրեին ու փախչեին:
Այդ ընթացքում նաեւ մի ուշագրավ միջադեպ գրանցվեց, նախաձեռնող խմբի անդամներից մեկը, երբ Սամվել Ալեքսանյանին պաշտպանող կանանց անվանեց «Լֆիկի ստրուկներ», մի հաղթանդամ տղամարդ, որը գրեթե միշտ Ալեքսանյանի քրոջ որդու կողքին կանգնած ուշադիր հետեւում էր զարգացումներին, մոտեցավ նրան, հրեց եւ բռնի ուժ կիրառելով, փորձեց լռեցնել:
Ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ այսօրվանից շուրջօրյա հերթապահություն են սահմանելու «Փակ շուկայի» տարածքում:
Ի դեպ, հասարակական կարգը խախտող ու Ալեքսանյանին պաշտպանող կանանցից որեւէ մեկը այդպես էլ Ոստիկանություն չտարվեց, փոխարենը նրանց խմբի հաղթանդամ ու ստվերում կանգնած տղամարդկանց էին տանում, որոնք ոստիկանական մեքենան նստում էին լայն ժպիտներով: Լայն ժպիտով թատերական ներկայացում էին սարքում նաեւ Ալեքսանյանին պաշտպանող ու ակտիվիստներին հայհոյող կանայք, որոնք իբրեւ թե խառնվում էին իրար, երբ իրենց խմբից մեկին Ոստիկանություն էին տանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես ձեզ հայ կին ասողի…