Հանրային խորհրդի գենդերայի և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը, անդրադառնալով գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների մեկնաբանություններին, և դիտարկելով երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական և ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման՝ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակութային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, ՄխիթարԳոշի, Սմբատ Սպարապետի և այլոց աշխատությունները:
Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`
– Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերային հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը(1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,
Կարդացեք նաև
– ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:
Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու փորձերը: Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալական մասնակցությա նբարձրացմանն ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:
Այնուամենայնիվ, առաջնորդվելով հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով, պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը, Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ:
Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված անձերի և կազմակերպությունների վարկաբեկման, նրանց հասցեին անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների, ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական գործելաոճը, ինչպես նաև քողարկված քաղաքական նպատակներով հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավը»:
Հանրային խորհուրդ