«Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ այսօր կազմակերպել էր արագ շախմատի մրցաշար երիտասարդ գործարարների միջեւ:
«Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանի խոսքերով. «Շախմատն ընտրվել է այն պատճառով, որ տարբեր մարզաձեւերի մրցաշարեր բազմիցս անցկացվել են, սակայն ինտելեկտուալ խաղի, որով Հայաստանն առանձնանում է, երբեւէ չի կազմակերպվել»: Ինչո՞ւ գործարարների միջեւ հարցին Մարիամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք որոշեցինք այս մրցաշարի տեսքով փորձել նաեւ գործարարների ինտելեկտուալ աստիճանը, սպորտի հանդեպ հետաքրքրությունը: Սա նրանց համար եւ մրցակցություն է եւ լիցքաթափում եւ խաղ: Ինչո՞ւ չէ, նաեւ մրցանակ շահելու եւս մի կարեւոր հնարավորություն: Իսկ մրցանակային ֆոնդը 525 հազար դրամ է, որը բաշխվելու է չորս հոգու միջեւ»:
Մասնակիցները մեկ օրում խաղալու էին ինը տուր, յուրաքանչյուրը 10 րոպե, առանց հավելումների:
Մասնակցության հայտ ներկայացրել էր 20 հոգի, որոնց թվում էր նաեւ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Նա ներկայացնում էր «Շախմատային աշխարհ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է շախմատին առնչվող գրքերի հրատարակությամբ: Ինչպես եւ սպասվում էր, հաղթող դարձավ Զավեն Անդրեասյանը: Հաջորդ երեք տեղերը զբաղեցրին Արսեն Նագդալյանը՝ VTB բանկ, Լաերտ Մարգարյանը՝ Աբովյանի քաղաքապետարան եւ Վարուժան Բաբախանյանը՝ «Շախմատային աշխարհ» ՍՊԸ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ