«Մեծապես կարեւորում ենք այս արարողությունը, երբ կրթական ոլորտի մշակներ՝ առաջնորդությամբ կրթության եւ գիտության նախարարի, գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստծո օրհնությանը արժանանալու, եւ իրենց ուխտը նորոգելու»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողության մասին մեզ հետ զրույցում նշեց Գարեգին Բ կաթողիկոսը:
Նրա խոսքով կրթության ոլորտի աշխատողները կարեւոր առաքելություն ունեն ազգային մեր կյանքում՝ կրթելու եւ դաստիարակելու մեր զավակներին, նրանք Աստծո այգու մշակներն են.
«Օժտված են այն արժեքներով, որով ազգս հարատեւել է, կերտել իր նոր օրը: Այցում ենք երկնավորից, որ պտղաբեր դարձնի ջանքերը մեր կրթության մշակների եւ արգասավորի իրենց աշխատանքը: Տերը կօրհնի իրենց աշխատանքն ու ջանքերը, լուսավորելով միտքն ու հոգին»:
Կարդացեք նաև
Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ անկախ պետականության պարագայում կրթության եւ գիտության նախարարությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու պատմական գործի շարունակողն է, դարեր շարունակ ազգը չունենալով պետականություն, կրթության օջախները ստեղծել, գտել եւ կրթության լույսը ստացել է եկեղեցու հովանավորությամբ գործող ուսումնական հաստատություններից.
«Բնական եմ համարում այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքը, սա բովանդակային արժեք է մեզ համար: Վերջին տարիների ընթացքում ինտենսիվ է դարձել համատեղ գործունեությունը: Դպրոցը այն բացառիկ վայրն է, որտեղ տարածվում է արժեքը: Եկեղեցու բարոյագիտությունը խարսխված է ինչպես համամարդկային, այնպես էլ ազգային արժեքների վրա: Դպրոցներում արժեքներ պետք է տարածել, այն ազգապահպանության հիմքն է հանդիսանում»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ