Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողները չգիտեն` սովորե՞ն, թե՞ աշխատեն». Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Օգոստոս 31,2013 16:41

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել էր, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: «Առավոտ երիտասարդականը» մինչև սեպտեմբերի 2-ը փորձեց հետաքրքրվել թե՞ որքանո՞վ են դպրոցականները, այս տարվա դիմորդները և նրանց ծնողները պատրաստվել նոր՝ 2013-2014 ուսումնական տարվան:
18-ամյա Արմինե Մանուկյանը նոր ուսումնական տարին պետք է սկսի ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում: Նրա խոսքով՝ այս սեպտեմբերի 1-ը իր համար կրկնակի տոն է:
«Շատ երկար եմ սպասել այս օրվան,- ասում է Արմինե Մանուկյանը,- քրտնաջան պարապելուց հետո, վերջապես տեսա արդյունքը՝ ընդունվեցի իմ նախընտրած ուս.հաստատությունն ու ֆակուլտետը, սակայն սա ինձ համար կրկնակի տոն է, քանի որ մոտենում է աշունը, տարվա իմ ամենասիրելի եղանակը: Չգիտես ինչու՞՝ բոլորը սեպտեմբերի 1-ը միայն կապում են գիտելիքի օրվա հետ, սակայն դրանից բացի, առջևում է աշնան առաջին օրը, ափսոս, որ մենք հետաքրքիր ձևով չենք նշում՝ կենտրոնանում ենք միայն գիտելիքի օրվա վրա»:
Արմինեի համար սեպտեմբեր ամիսը կրկնակի տոն է, իսկ ահա Մուշեղը պետք է աշխատանք փնտրի իր ուսման վարձը ժամանակին վճարելու համար:
«Անկեղծ, չգիտեմ, թե ինչպես եմ գործը գլուխ բերելու,- ասում է ԵՊՀ-ի առաջին կուրսի ուսանող Մուշեղ Անտոնյանը,- վարձերը թանկացել են, ուսանողները չգիտեն՝ սովորե՞ն, թե՞ աշխատեն, որովհետև կան ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն իրենց երեխաների ուսման վարձը վճարելու և երեխաները ստիպված են և՛ սովորել, և՛ աշխատել, իսկ երկուսը համատեղել շատ դժվար է: Պետությունը ոչնչի մասին չի մտածում, դեռ ընդհակառակը՝ գնալով ավելի է սեղմում ժողովրդին: Է ժողովուրդն ինչ անի, համակերպվի՞»:
«Իսկապես սեպտեմբեր ամիսը և՛ ծնողների, և՛ երեխաների համար ծանր ամիս է,- ասում է տիկին Մարինեն, ով այս տարի իր երկու երեխաներին պետք է դպրոց ուղարկի,-ծախսերը շատ են, ես էլ ամուսինս էլ չենք հասցնում հոգալ երեխաների կարիքները, մենակ հազար տեսակ տետրի փող ենք տալիս, դեռ գրքերինն էլ չհաշված, բայց չէ՞ որ նոր հագուստ, մանր-մունր բաներ էլ են պետք երեխաներին գոնե նորմալ դպրոց ուղարկելու համար, ամեն բան թանկացել է, ծնողը չգիտի գլուխը ո՞ր պատին տա: Էժանանալու փոխարեն, օրերցօր ամեն բան գնալով թանկանում է: Մի խոսքով՝ սեպտեմբերը իսկական քաոս է, որը դեռ նոր նոր է սկսվում ՝տարվա երկրորդ կեսին, երբ պարտքերը մարելու ժամանակն է գալիս»,- ասում է երկու երեխաների մայր Մարինեն:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031