«Պահնորդական միության ստեղծման պահից սկսվել են օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու փորձերը, ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են ոչ թե թիկնապահական, այլ պահնորդական գործունեությանը», այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանը՝ նշելով, որ Պահնորդների միությունը ստեղծվել է 2012 թվականի ապրիլի ամսին:
«Այս պահի դրությամբ մենք, որպես կազմակերպություն իրականացնում ենք միայն պահնորդական գործունեություն: Օրենքի վերաբերյալ շատ առաջարկներ ենք ներկայացրել, շատ քննարկումներ են եղել թե´ Ազգային ժողովում, թե´ կառավարության սահմաններում եւ թե´ ոստիկանությունում: Բայց այնպես ստացվեց, որ առ այսօր չկան այդ համապատասխան փոփոխությունները, եւ ըստ այդմ, մենք փորձեցինք պահնորդական գործունեության մասին գործող օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել Ազգային ժողով: Դրանք այնպիսի փոփոխություններ են, որ կկարգավորեն պահնորդական կազմակերպությունների գործառույթները, կկարգավորեն պետական մարմինների գործառույթները եւ արդեն իսկ օրենքով նաեւ կկարգավորվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտականությունները»:
Նա նշեց, որ պահնորդական գործունեության մասին օրենքում շատ հակասություններ կան: «Կան շատ դրույթներ, որոնք հակասում են թե´ սահմանադրության կետերին, թե´ այլ օրենքներին եւ օրենսդրական շատ նորմերին»:
Պարոն Պետրոսյանն ասաց, որ փոփոխությունները առաջարկվում են նախ նրա համար, որ չի կարող օրենքով մեկ մարմնի հրամանները կատարվի ամբողջ մասնավոր կառույցների կողմից. «Դա պետք է լինի կարգերով, դա պետք է լինի օրենքով սահմանված: Շատ կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ պահնորդական գործունեության մասին օրենքում նշված է, որ պետք է իրականացվի որակավորման ստուգում: Մենք ասում ենք, որակավորման ստուգումը պետք է լինի լիցենզավորող մարմնի կողմից եւ ուսումնական հաստատությունները, որոնք, որ միության կազմում են արդեն լիցենզավորված են եւ այդ լիցենզավորումը ստացել են Գիտության եւ կրթության նախարարության կողմից: Քանի որ լիցենզավորումը ստացել են Գիտության եւ կրթության նախարարության կողմից, մենք առաջարկել ենք, որ որակավորման ստուգումը պետք է վերապահված չլինի ոստիկանությանը, որովհետեւ ոստիկանության կրթահամալիրը նույնպես իրականացնում է այդ նույն գործառույթները, այսինքն` ուսուցանում է պահնորդներ եւ թիկնապահներ: Ստացվում է, որ հակասություններ կան լիցենզավորման մասին օրենքի 14-րդ հոդվածով: Իսկ փոփոխություններ կատարելով մենք այս ամենը կկարգավորենք: Չի կարելի թույլ տալ, որ ոլորտում լինի գերիշխող եւ մենաշնորհային տիրույթ»:
Կարդացեք նաև
Հովհաննես Պետրոսյանը նշեց, որ արդեն մեկ տար 4 ամիս է իրենք իրականացնում են քննարկումները եւ նախնական տեղեկություններով եւ տվյալներով արդեն գործընթացը գնում է նրան, որ ոլորտը պետք է կարգավորվի. «Մենք բազմիցս գրություններ ենք ներկայացրել կառավարություն եւ Ազգային ժողով, եւ կառավարության միակ պատասխանը ներկայացրել է ոստիկանությունը, որ ձեր կողմից կատարեք առաջարկներ: Ստացվում է, որ առաջարկները մենք արդեն պատրաստել ենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ Ազգային ժողով ներկայացնելու օրենքի մոտ 16 հոդվածներում փոփոխություններ կատարելու համար»:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ