Քիչ առաջ «Փակ շուկայի» դիմաց բնակիչների եւ շուկայի պաշտպանության համար պայքարող ակտիվիստների թեժ վիճաբանությունը վերածվեց բախման: Երբ «Ազատենք շուկան օլիգարխից» պաստառներով ու հայկական դրոշներով նոր ակտիվիստներ միացան ակցիային, բնակիչները հարձակվեցին նրանց վրա, հրեցին, պատռեցին պաստառները, վայր գցեցին դրոշները:
Բնակիչներից մեկն էլ ակտիվիստներին անվանեց ծախվածներ, օլիգարխներ: Միջամտեցին ոստիկանները, եւ բաժանեցին ակտիվիստներին բնակիչների հարձակումներից:
Այս պահին պատնեշի նման շարվել են բնակիչների եւ ակտիվիստների միջեւ: Ոստիկանները հրահանգում են նաեւ չխախտել հասարակական կարգը, հակառակ դեպքում կպատժվեն խախտողները:
Նշենք, որ այստեղ է նաեւ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, որը խուսափում է մեր հարցերին պատասխանել ու միանգամից հեռանում է՝ տեսախցիկը տեսնելուն պես:
Կարդացեք նաև
Քիչ առաջ, բերման է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Արեն Մանուկյանը։ Ոստիկանությունը պնդում է, որ նա չի կատարել ոստիկանության օրինական պահանջը:
Նշենք, որ բնակիչները ավելի շատ են խախտում հասարակական կարգը, նույնիսկ վեճի են բռնկվում ոստիկանների հետ, սակայն դեռեւս որեւէ բնակիչ բերման չի ենթարկվել:
Քիչ առաջ բերման ենթարկվեց մեկ բնակիչ եւ Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Կարո Եղնուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ