Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը

Օգոստոս 31,2013 14:38

Ոստիկանությունը չի սահմանափակվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ս.թ. օգոստոսի 24-ին կատարած զանգվածային բռնություններով և նրանց առավել ակտիվ մասին առանց հիմնավոր պատճառի բերման ենթարկելով: Ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու դեպքերը շարունակվում են մինչ օրս:

Օգոստոսի 24-ից հետո տեղի ունեցող ոստիկանական բռնության դեպքերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Նախախորհրդարանի ու առհասարակ ակտիվ քաղաքացիների նկատմամբ հալածանքները համակարգային և ուղղորդված բնույթ ունեն:

Այդ օրվա ընթացքում տեղի ունեցածի կապակցությամբ վարչական իրավախախտումների հիմքով ակտիվիստներին ապօրինի կերպով բերման ենթարկելու տասնյակ դեպքերի շարքում առանձնահատուկ է Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին քրեական գործով որպես վկա բերման ենթարկելու փաստի հետ կապված բացահայտ ու լկտի օրինախախտումների փաստը:

Դմիտրի Հարությունյանը կնոջ և մանկահասակ երեխայի հետ օրեր առաջ մեկնել էր Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ` այնտեղ գտնվող ծանոթի տանը հանգստանալու համար: Ոստիկանությունն այդ ընթացքում վերը նշված քրեական գործով նրան որպես վկա հարցաքննելու նպատակով ծանուցագիր է ուղարկել նրա ծնողների տուն, որտեղ վերջինս հաշվառված է, սակայն չի բնակվում: Ծնողները հայտնել են ոստիկանությանը, որ տվյալ պահին չգիտեն իրենց որդու գտնվելու վայրը և վերադարձրել են ծանուցագիրը:

Դրանից հետո Ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական միջոցներով պարզել է նրա գտնվելու վայրը և առանց բերման ենթարկելու որոշման, գիշերվա ժամը 1:30 սահմաններում կարգախումբ է ուղարկել Արտանիշ: Նշված կարգախումբը շրջապատել է տունը ու ավելի քան 10 ժամ շարունակ ահաբեկել է նրանց` փորձելով կոտրել դուռը, ֆիզիկական բռնություն է կիրառել տանտիրոջ նկատմամբ, հոգեբանական ճնշում է գործադրել Դ. Հարությունյանի կնոջ վրա` չխորշելով անգամ անձնական վիրավորանք հասցնելուց:

Դ. Հարությունյանի ընկերների, իրավապաշտպանների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու փաստաբանների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել նրա և նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության ու վիրավորանքի հետագա դրսևորումը:

Դ. Հարությունյանը ներկայումս վերը նշված քրեական գործով որպես վկա բերման է ենթարկվում Արաբկիրի բաժին, որտեղ նրան կհարցաքննեն: Այդ կապակցությամբ զգուշացնում ենք, որ Նախախորհրդարանը հետամուտ է լինելու իր անդամի իրավունքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունների բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Իսկ ընդամենը վկային բերման ենթարկելու` բեմադրություն հիշեցնող այս գործողությունը մեկ անգամ ևս փաստում է, որ համակարգը անհավասարակշիռ, խախուտ և ոչ համարժեք վիճակում է, ուստի մեր ժողովուրդը պետք է արագացնի իր ինքնակազմակերպումն ու օր առաջ տեր կանքնի իր երկրին ու պետականությանը:

 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031