Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ասել է՝ արցախահայություն

Օգոստոս 31,2013 13:00

Ամեն անգամ լսելով՝ «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերը, ինչ-որ անբացատրելի տհաճություն եմ զգում, զարմանում, զայրանում ու մի ավելորդ անգամ համոզվում, որ իրոք մարդկային տգիտությունը սահմաններ չի ճանաչում:

Վերջին տարիներին հատկապես Հայաստանում (ՀՀ-ում) բնակվող իմ ընկերների մոտ նկատում եմ նույն զարմանք-զայրույթը՝ կապված «Արցախ» տեղանվամբ նմանատիպ բառագոյացությունների հանդիպելու հետ:

Արցախը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկն է եղել, ավելի կոնկրետ՝ տասներորդ նահանգը: Այն տեղանուն է, ինչպես, ասենք՝ Սյունիքը, Ծոփքը, Վասպուրականը, Աղձնիքը, Փայտակարանը, Գուգարքը, Ուտիքը եւ այլն: Մեծ Հայքը, Հայաստանը, Հայկական բարձրավանդակը պատմականորեն հայերի բնօրրանն է: Բնականաբար հայերի բնօրրանն են նաեւ «Հայաստան» ընդգրկուն-հավաքական տեղանվան մեջ մտնող մյուս բոլոր մեծ ու փոքր տեղանունները:

«Հայաստան» ասելիս, չեմ կարծում, թե երբեւէ կարող է մեկի մտքով անցնել պատկերացնել, ասենք՝ հնդիկ, անգլիացի, ճապոնացի, արաբ, հրեա, կորեացի, մոնղոլ կամ ալբանացի: «Հայաստան» երկրի անվանումը լսելիս յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է հայերի երկիր, այսինքն՝ երկիր, որտեղ գերազանցապես հայեր են ապրում ու դա նրանց երկրի անվանումն է: Չնայած շատ հնարավոր է, որ այնտեղ բնակվելիս լինեն նաեւ ռուսներ, պարսիկներ, քրդեր, անգլիացիներ եւ այլն, բայց՝ որպես ազգային փոքրամասնություն:

Իմ գործընկեր, երեւանաբնակ լրագրող Ռուզան Մինասյանի ֆեյսբուքյան էջում նկատեցի Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց համալսարանի»  պատին փակցված մի ցուցապաստառի լուսանկար եւ իմ գործընկերոջ զարմացախառն հարցը՝ «Արցախահայկակա՞ն…», համալսարանի հարգելի ղեկավարություն, խնդրում եմ հանել այս ցուցապաստառը Ձեր շենքից: Ի՞նչ է նշանակում «արցախահայկական»…

Կրկնում եմ, հատկապես ՀՀ-ում բնակվող իմ ընկերների, ծանոթների եւ անծանոթների մոտ հաճախ եմ նման զարմանք-զայրույթ-դժգոհություն նկատում «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» ու նմանատիպ բառակազմությունների կապակցությամբ: Երբեւէ լսած կա՞ք՝ հայաստանահայեր, հայաստանահայություն, կամ, ասենք, տեղի կանանց ու աղջիկներին անվանեն՝ հայաստանուհի: Մի պահ պատկերացրեք նույն ձեւով բառակազմություններ հնարեն Հայոց մյուս մարզերի եւ շրջանների մեր հայրենակիցները՝ շիրակահայություն, սյունիքահայեր, զանգեզուրուհի, վասպուրականահայեր, վայքահայություն, լոռուհի, գուգարքահայեր եւ այլն:

Հարգելիներս, երբ ասում եք՝ «արցախահայեր», «արցախահայություն», նշանակում է Արցախում հայերից բացի, որպես բնիկներ, ապրում են նաեւ այլ ազգություններ՝ արցախառուսներ, արցախաադրբեջանցիներ, արցախաչինացիներ կամ արցախաբուշմեններ…

Բոլորս մի քիչ ավել կամ մի քիչ պակաս սիրում ենք մեր բնօրրանը, մեր ծննդավայրը, մեր հայրենի եզերքը, բայց այդ սերը չպիտի թույլ տա «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երեւակայել մեզ ու նման զվարճալի-անհեթեթ ձեւերով արտահայտել մեր սերն առ հայրենի Արցախ: Երբ կարելի է պարզապես ասել՝ արցախցի, արցախցիներ, եւ ամենաապուշն անգամ կհասկանա, որ խոսքը հայերի մասին է, տվյալ դեպքում՝ Արցախում ապրող հայերի:

Ի դեպ, այդ անհեթեթ բառակազմություններով ու բառաձեւերով արդյո՞ք մեզ չենք առանձնացնում աշխարհի մյուս բոլոր հայերից: Հասկանում եմ, որ շատերն ուղղակի չհասկանալով են օգտագործում դրանք՝ չգիտակցելով այդ բառակազմությունների ողջ անհեթեթությունը (չեմ բացառում, որ նույնիսկ շատ հնարավոր է՝ տարիներ առաջ ինքնաբերաբար 1-2 անգամ ես էլ օգտագործած լինեմ «արցախահայություն»-ը. հստակ չգիտեմ՝ հնարավոր է երբեք չեմ օգտագործել, ուղղակի չեմ բացառում):

Պարզապես ինչ-որ մի շատ «խելոք» մի անգամ նման բառեր է հնարել, նրան հետեւել են եւս մի քանի «խելոքներ» եւ… անհեթեթության ձնագունդը գլորվելով՝ սկսել է աջ ու ձախ տարածվել՝ իր մեջ առնելով շատ-շատերին… Նույնիսկ պետական-պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր են ստեղծվել՝ այդ, մեղմ ասած, անիմաստ բառակազմություններով:

Վաղուց ժամանակն է ձերբազատվենք արհեստածին այդ անհեթեթությունից, եթե չենք ուզում մեզ առանձնացնել աշխարհասփյուռ մեր բոլոր ազգակիցներից ու դառնալ ոչ արցախաբնակ մեր հազարավոր, միլիոնավոր հայրենակիցների ծիծաղի առարկան:

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

գրող, հրապարակախոս,

Ստեփանակերտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարգելի Վարդգես Օվյան,Ձեր ասած այդ շատ ,,խելոքը,, ,որը շրջանառության մեջ է դրել արցախցի,ղարաբաղցի բառագոյացութունները,դրանով իսկ առանձնացնելով Ղարաբաղում բնակվողներին ՀՀ-ում բնակվողներից, ղարաբաղցի է,կամ եթե կուզեք,արցախցի է:Հավանաբար կհիշեք,կամ գոնե լսած կլինեք (եթե երիտասարդ եք) ԽՍՀՄ-ում հայտնի գեներալ-կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի մասին,ով իր հայտնի ,,Ղարաբաղցին,, երգով անջրպետ դրեց հայկական երկու հատվածներում բնակվող հայերի միջև:Այն ժամանակ դա մատնվեց անուշադրության և հետագայում,երևի դրանից ոգևորված, համեմատաբար վերջերս Ղարաբաղից Երևան տեղափոխված բազմաթիվ երգիչներից մեկը (ազգանունը չեմ հիշում,անունը կարծեմ Արման է) կոչ արեց Ղարաբաղում բնակվող իր ընկերներին,և ոչ միայն նրանց, տեղափոխվել Երևան, իր՝ ,,Երևան գնալու եմ,ՀԻՄՆԱԿԱՆ ՄՆԱԼՈՒ ԵՄ,, հայտնի երգով:Մնացածները տեսնելով,որ Երևանը իրոք հյուրընկալ քաղաք է (ու մի քիչ էլ բառադի) և ամենաբարձր պաշտոնից մինչև ամենացածր,բայց ,,յուղոտ,,պաշտոնը պատրաստ է տալ ում պատահի,թողեցին իրենց բեմերը,ձոռնարկությունները,դպրոցները և այլն ու տեղափոխվեցին Երևան:Իսկ Դուք ասում եք ,,ինչու է այսպես,,:Հենց դրա համար էլ այդպես է:Այնպես որ,ինչպես ասում էր հայտնի երգիծաբանը՝ ,,сами виноваты,пишите на себя жалобу,,:

  2. Վարդգես Օվյան says:

    Հարգարժան բարեկամ, նախ՝ Ալեքսեյ Հեքիմյանի անունը ոչ միայն ծանոթ է ինձ, այլև ժամանակին հայրս ծանոթացրել էր հետը, երբ դեռևս հայկական երգերի իր շարքը չէր ստեղծել: Ձեր ակնարկած երգը սովորական մի ստեղծագործություն է: Հեքիմյանը հայերեն բազմաթիվ հրաշալի երգեր ունի՝ «Անուշ Հայաստան» (կատարում էր Օֆելյա Համբարձումյանը), «Երևանի առավոտը» (Ռաիսա Մկրտչյան), «Խեչոյի կինը տղա է բերել» կատակերգ (կատարում էր Նար-Դոսի որդին՝ Նար Հովհաննիսյանը), «Շինարարի երգը» և այլն, որոնք չգիտեմ ինչու ՀՀ հեռուստա և ռադիոեթերով գրեթե չեն հնչեցվում:
    Երկրորդ. խոսքը վերաբերում է ոչ թե «արցախցի», «ղարաբաղցի» անվանումներին, այլև «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերին: Ձեր ակնարկածն ու իմ մեջբերածը միանգամայն տարբեր բաներ են:
    Երրորդ. Արցախը միաբջիջ օրգանիզմ չէ: Ինչպես Երևանում, Սյունիքում, Շիրակում ու ՀՀ մյուս մարզերում, այստեղ ևս ամենատարբեր նախասիրությունների ու բնավորության մարդիկ են ապրում, և պետք չէ բոլորին նույն շարքում կանգնեցնել…
    Չորրորդ. ես հայկական ժողովրդական, դասական ու ազգագրական երգերի շատ հարուստ հավաքածու ունեմ, բարձրարժեք երգերի երկրպագու եմ, սակայն երբևէ Արման անունով երգիչի չեմ լսել, չեմ ճանաչում…
    Հինգերորդ. թե երևանում ղարաբաղյան արմատներով կամ ծագմամբ որևէ մեկն ինչ է ասում, դա ինձ չի հետաքրքրում, դրանց ասածների համար ոչ ես, ոչ իմ հարազատները, ոչ իմ բարեկամներն ու ընկերները պատասխանատվություն չենք կրում: Ինչպես երբեք չեն կարող պատասխանատվություն կրել երևանցի, գյումրեցի կամ գորիսեցի իմ ընկերները, ծանոթներն ու անծանոթները՝ որևէ երևանցու կամ գորիսեցի մեկի ճամարտակությունների համար… Ի վերջո, ապուշներ ու հիմարներ ամենուր կան, այդ թվում՝ Արցախում, Շիրակում, Սյունիքում, Վայքում կամ Տավուշում…
    Կարծում եմ՝ պարզ արտահայտվեցի, հարգելի ընկեր

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031