Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդության մասին լուրջ ֆիլմ չի նկարվել»

Օգոստոս 31,2013 12:45

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի նոր ֆիլմը

Սեպտեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա կինոռեժիսորներ, «Այսօր պլյուս» անկախ ֆիլմարտադրության հիմնադիրներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:  Այն փառատոնային ցուցադրումներ է ունեցել մի քանի երկրում, այդ թվում՝ Կորեայում, Գերմանիայում եւ արժանացել կինոյում հեղինակություն ունեցող մարդկանց բարձր գնահատականին: Մասնավորապես ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը այդ ֆիլմի մասին ասել է. «Շատ հավանեցի: Սա սիրո պատմություն է՝ առանց գունազարդումների եւ ճշմարտացի հայացք է՝ հայ հասարակությանը: Գերազանց է…»: Կաննի միջազգային կինոփառատոնի փոխտնօրեն, կինոգետ Քրիստիան Ժյունն էլ նման կարծիք է հայտնել. «Անկեղծորեն հավանեցի ֆիլմը…Եթե անգամ այն   պատմություն է՝ հիմնված հայկական իրականության վրա, նույնքան էլ համամարդկային է»:

Արսեն Ազատյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ֆիլմն ունի Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հարավ-Կովկասյան երկաթուղու եւ այլ կազմակերպությունների աջակցությունը, նաեւ աջակցություն՝ Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից եւ ԱՄՆ-ից: Ֆիլմում հնչում է  ճապոնացի հանրահայտ կոմպոզիտոր Կատո Կանակոյի երաժշտությունը:

Նարինե Մկրտչյանը ներկայացնելով իրենց համատեղ 16-րդ ֆիլմը, ասաց, որ այն երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է, եւ ընդհանրապես իրենց ֆիլմերում երիտասարդական թեման շոշափելի է. «Երիտասարդ տարիքում համարձակ եւ համառ ենք, եւ այդ ամենով հանդերձ, հաճախ շատ սխալներ ենք թույլ տալիս, ու  միշտ չէ, որ կարող ենք իրավիճակի տերը լինել»:

Արսեն Ազատյանն էլ հավելեց. «Հիմնականում սեւեռվել ենք կյանքում պատահականության գործոնի վրա, որը հաճախ դառնում է անշրջելի: Մեր ֆիլմում կա այն գաղափարը, որ  ամենաչնչին բանից կարող են մեծ խնդիրներ ծագել,  «ծանրացել» ենք կյանքում անսպասելության ու անակնկալի վրա: Գաղափարն էր՝ վեր հանել այն իրականությունը, որին ոչ միշտ ենք ուշադրություն դարձնում, մինչդեռ չկարեւորված մի  չնչին դիպված մարդու կյանքում կարող է շրջադարձային լինել»:

Մեր դիտարկմանը,  թե դեռեւս Հայաստանում չցուցադրված ֆիլմի շուրջ աղմուկն ու աժիոտաժն այն համատեքստում են, որ «բաց» տեսարաններով ֆիլմ է, եւ նույնիսկ բուռն քննարկումներ կան սոցցանցերում, Նարինե Մկրտչյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ մտածում, թե դրանք «բաց» տեսարաններ են, որովհետեւ դրանք սիրային տեսարաններ են…Արվեստագետները պե՛տք է անկեղծ լինեն, կինոն սուտը չի սիրում: Եթե դու խաբեցիր հանդիսատեսին, ավելի լավ է չանդրադառնաս նման թեմաների: Այդ տեսարանները մեզ  համար ֆիլմի գաղափարը տեղ հասցնելու իմաստով կարեւոր են: Վստահ եմ, կա՛ այն հանդիսատեսը, որ կընկալի ֆիլմը այն  գաղափարի տեսանկյունից,  որը մենք շոշափել ենք: Ի դեպ,  ֆիլմը դիտելուց հետո անընդհատ նույն զգացողությունն  եմ ունենում, երաժշտական տերմինով ասած՝ «ինչպես տխուր եւ քնքուշ ափսոսանք»…Ինչ է նշանակում «բաց» տեսարան: Դերասանը պետք է ազատ լինի իր դերի մեջ, հետո սերը կյանքի հիմքն է, մենք դրանով ենք արժեւորում կյանքը»:

Արսեն Ազատյանը չի կարծում, թե ֆիլմը դիտելուց հետո հասարակությունը կսեւեռվի «բաց» տեսարանների վրա: Ասում է՝  քրիստոնեական արժեքներ կրող երկիր ենք, հո Իրանում չենք, որ կարճաթեւ շրջելը  պախարակելի լինի: Նա տպավորիչ մի օրինակ բերեց համաշխարհային կինոյից. «Համաշխարհային դասական Բերտոլոչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում աշխարհահռչակ դերասան Մարլոն Բրանդոն հետույքը բացում է, է հետո՞, բացեց՝ լավ արեց, ուրեմն պետք էր: Արվեստում թույլատրված է բացարձակապես ամեն ինչ,  այլ հարց է, թե որքանով է դա հիմնավորված, որքանով է գեղեցիկ, ճիշտ մատուցված, ենթատեքստը՝ ճշմարտացի»: Նա հույս ունի, որ հատկապես երիտասարդությունը կսիրի ֆիլմը, մանավանդ՝ վերջին տարիներին երիտասարդության մասին լուրջ ֆիլմ չի նկարվել:

Մեր զրուցակիցները նշեցին, որ իրենց  ֆի

լմերը նախատեսված չեն միայն հայ հասարակության համար, դրանք նաեւ փառատոնային «արտադրանք» են: «Ապակե կախազարդը» այս պահին փառատոնային ընթացքի մեջ է, ռեժիսորները ունեն հրավերներ, որոնց մասին առայժմ չեն ցանկանում բարձրաձայնել: Նրանք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում հայաստանյան ցուցադրությանը, որովհետեւ, նրանց ձեւակերպմամբ, Հայաստանում գնահատվելը ավելի դժվար են համարում, իսկ հանդիսատեսին՝ «դաժան»: Կարծում են, եթե 100000 մարդ գա ֆիլմը դիտելու, դա բոլորիս  հաղթանակը կլինի: Արսեն Ազատյանը շեշտեց, որ «Ապակե կախազարդը» ժամանցային ֆիլմ չէ, չի կարող դառնալ կենցաղի տարր, այն փիլիսոփայական ֆիլմ է, մտածելու տեղիք տվող:

Խոսելով թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ֆիլմ նկարելու գործընթացի հեշտացման մասին, ռեժիսորը հայտնեց, որ ի տարբերություն շատերի,  իրենք դեռեւս նկարում են ժապավենով,  աշխատում՝ դասական մեթոդներով. «Դա հիմնարար արվեստ է, որը իսկապես  իր հիմնարար տեղն ունի: Իսկ պրոֆեսիոնալիզմը գալիս է հենց հիմնարար գիտելիքներից…Էկրանը բաց միջավայր է, այնքան բաց, որքան մերկությունը…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031