Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդականը՝ «Musica Riva»-ի պաշտոնական նվագախումբ

Օգոստոս 31,2013 12:30

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գործունեության 8 տարիների ընթացքում միջազգային փառատոների մասնակցության մեծ փորձ ունի, այն էլ այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են մոսկովյան «Զատկի» փառատոնը, գերմանական «YOUNG EURO CLASSIC», «Օդեսան դիմավորում է ընկերներին», վրոցլավյան «YOUNG. CLASSIC. WRATISLAVIA» եւ այլն։ Նվագախումբը ստեղծագործական սերտ հարաբերություններ ունի  աշխարհահռչակ երաժիշտների, այդ  թվում՝ Գերգիեւի, Պենդերեցկու, Սպիվակովի, Ժիսլինի, Վենգերովի, Մացուեւի եւ մյուսների հետ։

Երիտասարդականը Հայաստանից միակ կոլեկտիվն է, որ հուլիս-օգոստոս ամիսներին հրավիրվել էր Իտալիա՝ մասնակցելու հանրահայտ «Musica Riva»  փառատոնին։ Մինչեւ փառատոնից վերադառնալը մեր արվեստագետների ու երաժշտասերների մոտ շրջանառվում էր այն միտքը, թե նման բախտի չի արժանացել անգամ  նախկին խորհրդային երկրներից որեւէ նվագախումբ։

«Առավոտի» հետ զրույցում երիտասարդական նվագախմբի գեղարվեստական  ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ պատասխանելով  հարցին, թե ինչո՞ւ էր նվագախմբի մասնակցությունը իտալական փառատոնին մեզանում լավ իմաստով «բում» բարձրացրել, նշեց, թե փառատոնին մասնակցելը հնարավոր էր դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանի եւ նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ, ապա ասաց. «Մեր նվագախումբը հրավիրված էր 30-րդ անգամ անցկացվող «Musica Riva»-ի միջազգային փառատոնին՝ իբրեւ պաշտոնական նվագախումբ»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ մոտ մեկ ամիս տեւած 6 համերգային ծրագրերով փառատոնի շրջանակներում նվագախումբը հանդես է եկել աշխարհահռչակ երաժիշտների, այդ թվում՝ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալիա Գուտմանի հետ։ Նվագախումբը՝ դիրիժոր Մարկո Բոեմիի ղեկավարությամբ,  հանդես է եկել նաեւ Վերդիի ու Վագների ստեղծագործությունների մեկնաբանմամբ, ճանաչված երգիչներ Միշելա Սբուրլատի ¥սոպրանո), Նկոսազանա Դիմանդեի ¥սոպրանո), Յունգ Կվանգ Լիի ¥բարիտոն) հետ։

Սերգեյ Սմբատյանը հատուկ նշեց, որ փառատոնի բացման համերգը ղեկավարել է Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, մաեստրո Իսահակ Կաբաչեւսկին։  Ասաց նաեւ, որ նվագախումբը իր ղեկավարությամբ Ռիվա դել  Գարդա քաղաքի հանդիսականներով լեփ-լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկո է անցկացրել՝ նվիրված Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին, հնչեցնելով կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ¥մենակատար՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Ֆեոդոր Ռուդին), հատվածներ «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից. «Շուրջ 2 ժամ տեւած համերգին ներկա էին Ռիվա դել Գարդայի քաղաքապետը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ նվագախումբը 2013-2014 համերգաշրջանը կսկսի սեպտեմբերի 10-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որպես մենակատար էլ հանդես կգա դաշնակահար Ջուլիա Զիլբերքվիթը։

Հետաքրքրությանը, թե նախորդ համերգաշրջանների օրինակով,  այս անգամ էլ կլինեն նաեւ շոու- ծրագրեր, հանրամատչելի երաժշտություն եւ այլն, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց. «Ժամանակին, երբ մենք  8-9 համերգ ունեցանք հայաստանյան բուհերում, բնականաբար, ներկայացրինք հանրամատչելի ծրագիր, այսօր արդեն դրա շնորհիվ մեր նվագախմբի լսարանն ավելացավ շուրջ 1500 երիտասարդներով։ Հիմա արդեն նրանք ուշադիր ունկնդրում են Շոստակովիչ, Ռախմանինով եւ այլն։ Երիտասարդ հանդիսատեսին պետք է «մարզել», այնպես, ինչպես առանց մարզվելու եւ ոչ մի մարզիկ չի ներկայանում մրցումների։ Գալիք համերգաշրջանում էլ հավատարիմ կմնանք մեր որդեգրած քաղաքականությանն ու համաշխարհային, դասական երաժշտարվեստի կողքին կհնչեցնենք մեր ազգայինը, ինչպես նաեւ բարձրակարգ հանրամատչելի երաժշտություն»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031