Ինչպես հայտնի է, Նապոլեոնի սահմանադրության առանցքն է կազմում «ազատություն, հավասարություն, սեփականություն» կարգախոսը։ Երկու ավանդական հասկացություններին միանում է երրորդը՝ առավել նյութականը, որը եւ հանդիսանում է մարդկության զարգացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Ինչպես եւ Նապոլեոնի ժամանակ, այսօր էլ աշխարհի մի շարք երկրներում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, եւ այս առումով էլ սեփականության խնդիրը դառնում է ամենակարեւորը։
Ծայրահեղ եւ ինքնամոռաց լիբերալներն ասում են՝ շուտ անենք, ազատվենք այս անիծյալ պետական սեփականությունից։ Չեմ կարծում, որ նման հոգեբանությունը իրականում շուկայական է եւ ազատական, շուկան, հավանաբար, ենթադրում է հավասար հարգալից վերաբերմունք սեփականության բոլոր ձեւերի նկատմամբ։ Եթե մենք իսկապես ուզում ենք նմանվել զարգացած երկրներին, ապա մտածելակերպը պետք է տրամագծորեն հակառակը լինի, ցանկացած սեփականություն սրբություն է, նրա դեմ ցանկացած ոտնձգություն պետք է դիտվի որպես սարսափելի հանցագործություն։
Այնուհետեւ. այն սեփականությունը, որը «պետական» է կոչվում, լավ թե վատ՝ պահել է մեզ տասնամյակներ շարունակ։ Այլ հարց է, որ 80-ականների սկզբին վերջնականապես պարզ դարձավ, որ սեփականության այս ձեւը անարդյունավետ է եւ երկիրը տնտեսական կործանման է տանում։ Ի դեպ, դա հասկանում էր դեռեւս Անդրոպովը՝ Գորբաչովի հոգեւոր հայրը։ Հետեւաբար, ԿԳԲ-ական առաջնորդը ավելի համարձակ էր իր տնտեսական ծրագրերում, քան այսօրվա կոմունիստները։
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կոմունիստների ժամանակ սեփականությունը ամենեւին էլ «պետական» չէր։ «Համաժողովրդական սեփականություն» բառակապակցությունը նոնսենս է. աշխարհում չկա որեւէ ապրանք՝ սկսած խոշոր գործարանից, վերջացրած խառը կանաչու դաստայով, որը պատկանում է «ողջ ժողովրդին» կամ էլ «բանվորագյուղացիությանը եւ ժողովրդական մտավորականությանը»։ Դարերի ընթացքում ամեն ինչ միշտ էլ ունեցել է իր տերը, որը եւ վայելում էր իրեն պատկանող ապրանքի օգուտները։ 70 տարի այդ տերը Կենտկոմն էր՝ իր բյուրոկրատական ապարատով եւ զանազան ենթակառույցներով։
Կարդացեք նաև
Կոմունիստների «համաժողովրդական սեփականությունը», այսպիսով, բլեֆ է։ Սակայն հաճախ նույնպիսի բլեֆ է այսօրվա «մասնավոր սեփականությունը»։ Այն իրականում շատ հազվադեպ է պատկանում հենց մասնավոր անձանց՝ «մասնավորի» կամ «պետականի» անվան տակ բարիքները մեծ մասամբ շարունակում են մնալ պետական բյուրոկրատիայի ձեռքում։ Կեղծ «մասնավորը» նույնքան անարդյունավետ է եւ նույնպիսի չարաշահումների հնարավորություն է ստեղծում, որոնք կան նաեւ կեղծ «պետականի» դեպքում։ Այստեղից էլ մնացած արատները։ Օրինակ՝ այն, որ մեր լուսավոր «ազատական» դարում գործում է անցած վարչակարգից մնացած «հեռախոսային իրավունքը», պետական պաշտոնյան զանգում է մասնավոր արտադրողին ու բանկիրին եւ թելադրում, թե ում է պետք ապրանք կամ վարկ տալ։
Այնպես որ, իմ խորին համոզմամբ՝ սեփականաշնորհման իմաստը ոչ թե ցուցանակի փոփոխությունն է, այլ (պետական, թե մասնավոր) իրական բիզնեսի ձեւավորումը։ Ուրիշ ճանապարհ չկա։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
24.07.1996