Քիչ հետո Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղական համայնքում մեծ հանդիսությամբ տեղի կունենա գյուղի նորակառույց թիվ 1 միջնակարգ դպրոցի բացումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարարը, Սյունիքի մարզպետը եւ այլ պաշտոնյաներ, որոնց համար դպրոցի աշակերտները փոքրիկ համերգային ծրագիր են պատրաստել:
Տեղ գյուղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրենի գյուղն է:
Հիշեցնենք, որ Տեղ գյուղի դպրոցը երկհարկանի կենտրոնական մասնաշենքը փլվել էր 2011թ.-ի հունիսի 9-ին, որտեղ այդ պահին, բարեբախտաբար, մարդ չի եղել, աշակերտները 10 րոպե առաջ էին մաթեմատիկա առարկայի քննությունը հանձնել եւ գնացել դպրոցից: Այդ ժամանակահատվածում դպրոցի նկուղային հարկում շինարարական աշխատանքներ էին ընթանում:
Տեղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը փոխանցեց, որ շենքը հին էր՝ 1960-ականների կառուցված, փլուզումից հետո աշակերտների մի մասը հիվանդանոցի հին մասնաշենքում էր դասերն անցկացնում, մյուս մասը՝ Տեղ գյուղի երկրորդ դպրոցի դասասենյակներում, իսկ այս տարի աշակերտներն արդեն ոտք կդնեն նորակառույց ու նոր գույքով ապահովված դպրոց, որի կառուցման աշխատանքներն արվել են պետության միջոցներով: Դպրոցը հիմնադրման առաջին օրն ունեցել է 21 աշակերտ, իսկ ամենաշատ աշակերտների թիվը մինչեւ օրս եղել է 703: Այս տարի սեպտեմբերի 1-ին նոր դպրոց կհաճախի 237 աշակերտ, որից 20-ը՝ առաջին դասարանցի:
Կարդացեք նաև
Նոր ուսումնական տարում 2-ով ավելացել է առաջին դասարանցիների թիվը, որոնց, ըստ տնօրենի, անվճար պայուսակներ են տրամադրվել գյուղնախարարության աշխատակիցների կողմից: Անցած տարի դպրոցը 24 շրջանավարտ ուներ, որից 9-ն ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանի խոսքով՝ դպրոցն իր ողջ պատմության ընթացքում նշանավոր շրջանավարտներ է տվել: «52-ից ավելի գիտությունների թեկնածու եւ դոկտոր, նշանավոր մարդիկ արվեստի բնագավառում, գեներալներ եւ գնդապետներ, որոնք նաեւ այս պահին ազգային բանակի շարքերն են համալրել», – ասաց տնօրենը:
Սահմանամերձ Տեղ գյուղը պատմամշակութային եւ հերոսական հարուստ անցյալ ունի, տարբեր ժամանակաշրջաններում ազգային-ազատագրական մարտերի ժամանակ, եղել է անառիկ դարպաս: Գյուղը 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը և միջնադարում Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից էր։
13-րդ դարում համարվում էր գյուղաքաղաք, որը տեւեց մի քանի դար: Այս պահին էլ բնակչության թվով Տեղ գյուղը համարվում է Սյունիքի ամենամեծ գյուղը, որտեղ 2 դպրոց է գործում՝ 186 եւ 237 աշակերտներով, իսկ գյուղի բնակիչների թիվն, ինչպես տեղեկացրեցին, այսօր հասնում է 2845-ի: Թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանի խոսքով՝ գյուղում աշակերտների թվի էական փոփոխություն չի նկատվում, սակայն գյուղում արդեն սկսել է նվազել ծնելիությունը, բազմաշունչ ընտանիքների թիվը քչացել է եւ նախկինում 9-11 երեխա ունեցող ու հերոսուհի մոր կարգավիճակ ստանձնող կանանց թիվն էլ է պակասել: Դա պայմանավորված է, ոչ թե արտագաղթով, այլ՝ սոցիալական պայմաններով, որից ելնելով ընտանիքներն այսօր 2-3-ից ավելի երեխա չեն ունենում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ