Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թանկացումների ալիքը Հայաստանում բացասական մեղմվել է

Օգոստոս 31,2013 10:48

Armworld.am․ Վերջին երկու-երեք ամիսներին արձանագրված գնաճի խորացումից հետո թանկացումների ալիքը Հայաստանում բացասական մեղմվել է։ Չկա նախկին լարվածությունը։ Գների բարձրացման հետ կապված բացասական սպասումները, որ առաջացան էներգակիրների թանկացման հետեւանքով, չարդարացան։

Թեպետ մինչ այդ գնաճը հասցրեց բավականաչափ ակտիվանալ։ Արդեն հուլիսին սպառողական ապրանքների գների ինդեքսը հասավ 8,5 տոկոսի, իսկ պարենային ապրանքների դեպքում գերազանցեց 10 տոկոսը։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դա լինելու էր գնաճի պիկը։ Այնուհետ այն աստիճանաբար պետք է նահանջեր եւ հաջորդ տարվա կեսերին վերադառնար նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Այդ նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնայած առանց այն էլ ցածր չէր։ Այս անգամ ԿԲ-ն սխալվեց իր հաշվարկներում։

Վիճակագրական ծառայության տվյալներով, գնաճային ճնշումը Հայաստանում շարունակել է ոչ միայն պահպանվել, այլեւ խորանալ. օգոստոսին հասել է 9,3 տոկոսի։ Պարենային ապրանքների շուկայում անցած տարվա նույն ամսվա համեմատ գները բարձրացել են 11 տոկոսով։

Դրանով հանդերձ, գնաճի ակտիվությունը թուլացել է։ Եթե հուլիսին գնաճը միանգամից խորացավ 2, ապա օգոստոսին՝ 0,8 տոկոսով։ Միամտություն կլինի կարծել, որ առկա է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ազդեցությունը։ Դրա ազդեցությունը գների վրա սովորաբար կարող է արտահայտվել առնվազն 8-10 ամիս հետո, եթե ընդհանրապես նման բան կատարվի։

Իսկ մինչ այդ գնաճի մեղմացմանը նպաստել են գերազանցապես արտաքին հատվածից թելադրված զարգացումները։ Համաշխարհային տնտեսության ոչ այնքան ակտիվ գործընթացների հետեւանքով արտաքին միջավայրը էապես բարենպաստ է գնաճի համար։ Դա նկատելի է հատկապես հացամթերքների պարագայում։

Ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում սպասվում էր էներգակիրների թանկացում, միջազգային շուկայում գրանցվեց ցորենի գների նվազում։ Մի բան, որ հնարավորություն տվեց ներքին շուկայում մի փոքր նվազեցնել ալյուրի գինը։ Սա պայմաններ ստեղծեց զգալիորեն զսպել հացամթերքների գների սպասվող թանկացումների ալիքը, որը առաջացել էր էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով։ Ճիշտ է, հացի առանձին տեսակներ այդ ընթացքում թանկացան, այնուհանդերձ հաջողվեց հիմնականում խուսափել գների մասսայական բարձրացումից։

Արտաքին շուկաներում շարունակում է էժանանալ նաեւ շաքարավազը։ Սպասվում է, որ այդ միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում, ինչը առնվազն զսպողական ազդեցություն է թողնում շաքարավազի ներքին գների վրա։

Թեեւ այստեղ կան նաեւ գնանկումային երեւույթներ։ Ընդ որում, դրանք սկիզբ են առել մի քանի ամիս առաջ։ Վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում շաքարավազը Հայաստանում էժանացել է շուրջ 13 տոկոսով։ Հուլիսին գնանկումը գերազանցել է 2, օգոստոսին՝ 2,6 տոկոսը։

Ի տարբերություն արտաքին միջավայրի, ներքին տնտեսությունից թելադրված զարգացումների ազդեցությունը գնաճի վրա շատ ավելի մեծ է։ Դա նկատելի է հատկապես գյուղմթերքների դեպքում։

Իհարկե, սեզոնային գործոններով պայմանավորված՝ օգոստոսին որոշ գյուղմթերքների գներ նվազել են, բայց դրանք շարունակում են ավելի բարձր լինել, քան անցած տարի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ «Հայոց Աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031