Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես պետք չէ Ասոցացման համաձայնագիրը դարձնել ռումբի պես մի բան»․ Ռազմիկ Զոհրաբյան

Օգոստոս 31,2013 10:36

Armworld.am․ Մեր հարցերին ի պատասխան՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ հնարավոր զարգացումներին անդրադառնում է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

-Գործող սահմանադրությունը որտե՞ղ է «թերացել», ի՞նչ խնդիրներ է ստեղծել իշխանության թեւերի, կառավարման մարմինների հարաբերություններում, որ անհրաժեշտություն առաջացավ վերստին անդրադառնալու այդ հարցերին։ 

-Չէի ասի, թե սահմանադրական փոփոխությունների այս խնդիրը նոր է առաջ եկել. եթե հիշում եք, սահմանադրական փոփոխությունների մասին խոսվում էր դեռ նախագահական ընտրություններից առաջ։ Մասնավորապես մամուլում արծարծվում էր փոխվարչապետների ինստիտուտ ստեղծելու խնդիրը։ Կարծիք կար, որ կառավարումն ավելի արդյունավետ կլինի, եթե լինեն մի քանի փոխվարչապետներ՝ 3-4 «մինի-վարչապետներ», որոնք համակարգում են տարբեր ոլորտների, գերատեսչությունների գործունեությունը։ Այսինքն՝ ամեն ինչ չկենտրոնանա մի մարդու՝ վարչապետի ուսերին։ Կարծում եմ, փոփոխություններից մեկը սա կարող է լինել։
Ինչ վերաբերում է կառավարման համակարգին, գիտեք, որ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերը մշտապես բարձրացրել են խորհրդարանական կամ, պայմանականորեն ասած, վարչապետական կառավարման անցնելու հարցը։
Հիմա մենք կիսանախագահական կառավարում ենք իրականացնում, որտեղ նախագահականի տարրերը համադրված են խորհրդարանականի հետ. շատ հարցեր լուծվում են Ազգային ժողովի որոշմամբ՝ նախագահն առաջարկում է, Ազգային ժողովը պետք է հաստատի։ Սա հավասարակշռված մոտեցում է։ Մենք ապրում ենք պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է «պայթել»։
Իմ անձնական կարծիքն այն է, որ այս իրավիճակում, երբ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը դեռ չի վերացել, կիսանախագահական համակարգն ավելի արդյունավետ է։ Եթե կուզեք՝ ամենաճիշտ տարբերակը նախագահականն է։ Իսկ թե քննարկումների արդյունքում ինչ որոշում կկայացվի՝ այս պահին դժվարանում եմ ասել։

-Կարելի՞ է արձանագրել, որ հանրաքվեի հարցը շրջանառության մեջ դնելով՝ ինչ-որ տեղ նաեւ ընդառաջ եք գնում ընդդիմադիր ուժերի ակնկալիքներին։

-Կարելի է այդպես էլ ասել, բայց խնդիրը միայն դա չէ։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ կառավարման արդյունավետությունը ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը հասունացել է։ Ի վերջո, սահմանադրությունը դոգմա չէ, քարացած փաստաթուղթ չէ, որին չի կարելի ձեռք տալ։ Կյանքը ինքն է թելադրում՝ որ պահին, ինչ իրավիճակում ինչը փոխել եւ ինչպես։ Վաղը Հայաստանը կարող է հայտնվել այլ կարգավիճակում, եւ կարող է պարզվել, որ որոշ օրենքներ արդյունավետ չեն աշխատում։ Բնականաբար պետք է շտկել այդ օրենքները ու գնալ առաջ:

-Այդուհանդերձ համակարգային փոփոխությունների ջատագովները կարծես այնքան էլ ոգեւորված չեն սահմանադրական փոփոխություններին մասնակցելու եւ կառավարման համակարգի բարեփոխման սեփական «տեսլականը» ներկայացնելու հեռանկարով։ 

 -Արգելված պտուղը միշտ քաղցր է լինում։ Նույնիսկ ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, նա չհամաձայնեց։ Բայց այսօր էլ ընդդիմությունը կարող է մասնակցել այս նախաձեռնությանը։
Մենք ասում ենք՝ եկեք, մասնակցեք, ներկայացրեք ձեր առաջարկությունները։ Եթե քաղաքական ուժը խուսափում է, չի մասնակցում հիմնական օրենքի շուրջ քննարկումներին, ուրեմն՝ ինչի՞ համար է այդ քաղաքական ուժը։ Պետականությունը կայանում է իր քաղաքական, տնտեսական, իրավական, պաշտպանական, անվտանգության կայացած համակարգով, եւ ընդդիմությունը, թեկուզ ընդդիմադիր դիրքերից, պետք է մասնակցի այս խնդիրների քննարկմանը։ Կարելի է քննադատել, բայց մասնակցությունը պարտադիր է։
Երբ հանձնաժողովը ձեւավորվի, կարծում եմ, կոչ կլինի բոլոր կարող հասարակական, քաղաքական ուժերին՝ մասնակցելու փոփոխությունների գործընթացին, ներկայացնելու իրենց մոտեցումները եւ առաջարկությունները։

 -Իսկ որքանո՞վ այս գործընթացը պայմանավորված է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակում նախատեսված քաղաքական, իրավական եւ տնտեսական բարեփոխումների հրամայականով։ Այդ խնդիրը կա՞, թե՞ հանրաքվեի շարժառիթը զուտ ներհայաստանյան զարգացումների համատեքստում պետք է փնտրել։ 

-Նման խնդիր չեմ տեսնում։ Չեմ կարծում, թե Եվրամիությունը խառնվելու է մեր սահմանադրության բարեփոխման գործընթացին։ Այդպիսի բան չի՛ կարող լինել։ Ի վերջո, Հայաստանը անկախ պետություն է. կարող ենք ընդօրինակել ինչ-որ պետությունների մոդելներ, բայց դա չի նշանակում, թե նրանք մեզ ինչ-որ բան են պարտադրում։
Ընդհանրապես պետք չէ Ասոցացման համաձայնագիրը դարձնել ռումբի պես մի բան, որը ամեն րոպե կարող է պայթել։ Եկեք հանգիստ վերաբերվենք այդ ամենին։ Հայաստանը կայուն երկիր է՝ այնքան կայուն, որ նույնիսկ պատերազմի դեպքում կարող է պահպանել իր կայունությունը եւ հաղթահարել փորձությունը։ Մնացածը ինտրիգներ են։
Ասում են՝ ինչո՞ւ է փաստաթուղթը գաղտնի պահվում, ինչո՞ւ չի հրապարակվում։ Ոչ մի գաղտնիք էլ չկա։ Ցանկացած միջազգային պայմանագիր, քանի դեռ մինչեւ վերջ չի համաձայնեցվել մասնագետների հետ, ամբողջական տեսքի չի բերվել, չի տպագրվում եւ չի ներկայացվում հասարակական քննարկման։
Երբ համաձայնագիրը դրվի համաժողովրդական քննարկման, շատ հնարավոր է, որ հասարակական կարծիքը հաշվի առնելով՝ որոշ դրույթներ փոխվեն. այնպես չէ, թե տպագրվեց, ընդունվեց, եւ վերջ։
Նախաստորագրումը ճանապարհի միայն սկիզբն է՝ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բոլոր թերուդեմերը ծանրութեթեւ անելու եւ հանգելու այն որոշմանը, որը ամենաշահեկանն է Հայաստանի համար։

 

Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ «Հայոց Աշխարհի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031