Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Պուտին հանդիպման մասին. «Այդ այցի հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի համաձայնությունը»

Օգոստոս 30,2013 22:00

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին պատրաստվում է հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտարարվել է նախագահի մամուլի գրասենյակից, այդ հանդիպման ընթացքում պետք է քննարկեն քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ կարող է քննարկվեն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների եւ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

Այդ հանդիպման հետ կապված այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն իր մտահոգությունը հայտնեց. «Բավականին տեւական ժամանակ է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ռուսական կողմին՝ այցի կազմակերպման համար եւ այդ այցը չէր ստացվում: Հայտնի է, որ ռուսական կողմի պատասխանն արտահայտվեց Պուտինի այցով՝ Ադրբեջան: Այս ամենը նպատակ ուներ ցույց տալու Հայաստանին դժգոհությունը՝ վերջին քայլերի նկատմամբ: Խոսքը վերաբերվում է ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթին: Սերժ Սարգսյանին չի հաջողվել վարել այնպիսի քաղաքականություն, ինչպես վարում էին 20 տարվա ընթացքում ՀՀ նախագահները, արտգործնախարարությունները՝ փոխլրացման, բալանսավորման քաղաքականությունը: Եվ եթե մենք խորացնում էինք ԵՄ-ի, եվրոպական կառույցների հետ մեր հարաբերությունները, միեւնույն ժամանակ նույնչափ խորացնում էինք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը: Ցավով պետք է նշեմ, որ այսօր կողմնորոշման խնդիր է դրված եւ ես ունեմ մեծ մտավախություն, որ այդ այցի եւ ռուսական կողմի համաձայնության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի համաձայնությունը շրջել եվրոպական ուղղուց Հայաստանը: Ես ունեմ այդ մտավախությունները: Եվ նույնիսկ, եթե նախաստորագրվի Ասոցացման համաձայնագիրը, ինչը նույնպես վտանգված է այսօր, ապա ստորագրման երաշխիքներ այս պահի դրությամբ չկան: Վստահ չեմ, որ հրապարակային հայտարարություններ կհնչեն, բայց այն, որ եվրոպական ինտեգրման վտանգներն այսօր առկա են, ես դա կանխազգում եմ, կան տվյալներ դրա մասին»:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ նշեց, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի Հայաստանը չշեղվի փոխլրացման եւ բալանսավորված քաղաքականության ուղուց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031