Այսօր Գյումրու Թատերական հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային ժողով էր հրավիրել: Այս նույն հրապարակը, որտեղ փետրվարյան ցրտերին ասեղ գցելու տեղ չկար, երկրպագում ու աղոթում էին Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի համար, այսօր կարելի է ասել ամայի էր:
Մի քանի ծերունիներ էին հավաքվել, սակայն փոխարենը չափից ավել շատ էր կարմիր բերետավորների ու ԱԱԾ-ականների թիվը: Իհարկե, ծեր կանայք այդ նույն փաղաքշանքով, ջերմությամբ ընդունեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես նախկինում, սակայն զգալի էր, որ «Ժառանգության» առաջնորդը իրեն այնքան էլ լավ չէր զգում: Նա, ինչպես միշտ, մոտեցավ բոլորին, ձեռքով հատ-հատ բարևեց, գրկախառնվեց, համբուրեց ու սկսեց իր խոսքը: Իր հանդիպումը գյումրեցիների հետ որակեց քաղցր, բայց միաժամանակ դժվար հանդիպում:
«9 ամիս առաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրիում, Շիրակ աշխարհում, ընդհանրապես Հայաստանում կարելի է նորից հավատալ, որ մենք կապ ունենք մեր քաղաքի, մեր մարզի, մեր երկրի հետ: Եվ այդ հույսը հենց այս հրապարակում վառվեց, և հենց Գյումրիում ամենատպավորիչ հաղթանակը տարավ Հայաստանի ժողովուրդը: Եվ դրա համար ես երախտագետ եմ, շնորհակալ եմ, և ես գիտեմ, որ Գյումրվա, Շիրակի ժողովուրդը արեց ոչ թե ինձ համար, այլ մեր հայրենիքի, մեր երեխաների և մեր թոռնիկների համար: Մեծ տարբերությամբ թե Գյումրիում և թե ամբողջ Հայաստանում ժողովուրդը քվեարկեց օգուտ փոփոխության: Մենք ուզեցինք իրավունքի Հայաստան, մենք ուզեցինք արժանապատվության, քաղաքացիների նորմալ կենսաթոշակների, աշխատավարձի, նորմալ կյանքի Հայաստան, որին արժանի են թե Գյումրին, թե Շիրակը և թե ամբողջ Հայաստանը: Ես հիշում եմ այդ հրաշալի պահերը, որ ապրեցինք այստեղ. ժողովուրդը այն ժամանակ ավելի շատ էր, ավելի անմիջական էր ընտրության նախաշեմին կամ անմիջապես հետո: Հիշում եմ նաև ներսում ինչ խանդավառություն էր, ես եկել եմ ասելու, որ ոչ մի դեպքում գյումրեցին և հայ մարդը, հայաստանցին հույսը չպիտի կտրի, որովհետև մենք բոլորս գիտեինք, որ սա մի ռաունդի, սա մի օրվա պայքար չէ: Էդ կախարդական օրը` ապրիլի 9-ին, շատերը, չլինելով Երևանի Ազատության հրապարակում, լինելով այստեղ, ինտերնետով, Youtube-ով, իր ընկերների մոտ, ռադիոյի մոտ լսում էին, թե ինչ կստացվի: Ուզում էինք լուծում, որովհետև բոլորս, ես այն ժամանակ գրեթե չգիտեի, որ ժողովուրդը գրեթե 80/20 հարաբերակցությամբ հաղթեց: Այն ժամանակ ես մտածում էի 55, 45, 60, 40 , բայց այն 3 ամիսը, որ անցկացրել եմ Գյումրիում քայլելով թե փողոցներով ,նաև այլ մարզերում, քաղաքներում, ես հասկացա, որ ժողովուրդը ընտրեց փոփոխության ճանապարհը, դրա համար հասկանալի է ինչ-որ տեղ այն թևաթափությունը, թե ինչու մի օրվա մեջ չստացվեց: Ես եկել եմ Գյումրի ոչ թե մեծ միտինգ անելու կամ ճառ կարդալու, այլ ասելու համար, որ պայքարը շարունակվում է, որ Գյումրիից սկսած ժողովրդի 90 տոկոսը արդեն արել ենք, և այն, ինչ, որ այսօր կա, հպարտության աղբյուր է` պայքարող ազատամարտիկ է, երիտասարդ, պայքարող իրավազուրկ է Գյումրիում, Վանաձորում և ամբողջ հանրության մեջ, և դա նշանակում է պայքարը շարունակվում է և կախված չէ մի հոգուց»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ սա Րաֆֆիի և Սերժ պայքարը չէ, սա հայ մարդու պայքարն է իր հայրենիքի համար, որ արտագաղթ չլինի, աշխատատեղ լինի , որ իրավունք լինի: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ ապրիլի 9-ը անցավ ոչ ժողովրդի ուզածով, բայց առանց արյան և որ ինքը թույլ չէր տա զոհել թեկուզև մի հայ մարդու արյուն, որովհետև գիտեր, որ պայքարը շարունակվելու է: «Այսօր եկել եմ ձեզ լսելու և ասելու ձեր միջոցով հետևյալը. չի լինելու կեղծ միասնություն, ռոմանտիկ միասնություն, բայց եթե ուզում ենք փոփոխություն մեր երկրում, բոլորը պետք է դուրս գան իրենց և մեր ինքնահավան ակոսներից, դա կուսակցություններ են` «ժառանգություն»-ից սկսած, ինձ թվում է «Ժառանգություն»-ը փաստել է, որ իր կուսակցության դրոշը կապ չունի, հայկական դրոշն է կարևոր»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները, մտավորականները, երիտասարդները, աղետից մազապուրծ փրկված քաղաքացիները, եթե ուզում են այդ փոփոխությունը, այս տարվա մեջ կտեսնեն, իհարկե եթե ուզում են: «Մենք հիմա գտնվում ենք շատ լուրջ շրջանում. արտագաղթը շարունակվում է, բոլորը գիտեն, որ 5 տարի անց ունենալու ենք դեմոգրաֆիկ, ժողովրդագրական տագնապ, այսպես շարունակել չենք կարող` Ռոստով, Սոչի, Մոսկվա ավտոբուսներ, ինքնաթիռներ և այլն և այլն, բոլորս գիտենք, օրիգինալ միտք չէ, բայց վստահեցնում եմ ձեզ, որքան հույս կար, որքան լիցք կար, այդ հույսը և լիցքը էլի պիտի լինի, որովհետև այլընտրանքը մի քանի տասը հազարավոր հայրենակիցներով ապրիլի 9-ին դա եղբայրասպանություն էր, դա լինելու էր նորանոր թաղումներ Գյումրիում և Երևանում, ուղղակի թույլ չէի տա: Հիմա ինձ կարող են մեղադրել, կարող են մոտենալ ու ասել` ինչո՞ւ մինչև վերջ չգնացիք, բայց էդ մինչև վերջը պիտի գնա ժողովուրդը, խոսքը և գործը մեկ անելով` պիտի անի ժողովուրդը, ես ժողովրդին չեմ մեղադրում, ժողովուրդը իր գործը արեց, ժողովուրդը բոլորին անակնկալի բերեց, որ ինքը ունի դուխ, ունի ոգի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ անհրաժեշտ է հասկանանք, որ դա մի ակնթարթի ու մի հոգու պայքար չէ: «Մեզ պետք չեն մարգարեներ, Քրիստոսներ, և հերոսներ, մեզ պետք է այն ժողովուրդը, որ կկարողանա իր պահանջը կդնի ու ի կատար ածի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
մի տարի առաջ մոտ վաթսուն տոկոս Գյումրիում ձայն հավաքած մարդը հիմա Գյումրու հրապարակներից մեկում հազիվ քսան հոգու էր հետաքրքրել:լավ կլինի ամոթ անի ու էլ չշարունակի իր անիմաստ դեգերումները մարզերում: