Aravot.am-ի հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը մի դրվագ պատմեց՝ կապված Վազգեն Սարգսյանի հետ. «Վերջին տարիներին, երբ որ հատկապես ընտրությունների ժամանակ ինքը եկավ ինձ ասեց՝ ես կարծում եմ, որ մենք միասին պիտի գնանք խորհրդարան՝ միավորված, ասեցի՝ եթե ծրագրերը համընկնեն: Իրենք համարյա հնչեցրին նույն մեր ծրագիրը: Ուղղակի, որ ցուցակն արդեն կազմված էր, իրենք համարեցին, որ ավելի լավ է մենք խորհրդարանում միավորվենք: Թե ինչ եղավ՝ արդեն դա ուրիշ խոսակցություն է, մեր 6 տոկոսը կերան ու տվեցին ուրիշներին՝ դա արդեն ուրիշ հարց է: Իմ կարծիքով՝ դա ծրագրի մի մասն էր, որ հետո պիտի նաեւ իրականացվեր խորհրդարանում: Մենք նաեւ կարելի է ասել, որոշակիորեն զինակից էինք: Հիմա զարմանալի կթվա, որ ես այդ ամենն ասում եմ, երբ որ ես 96-ին ընդդիմության միավորման ջատագովն եմ եղել եւ միասնական ուժերով մենք գնացել ենք այդ իշխանության դեմ: Զարմանալի թող չթվա, որովհետեւ երբ մենք 96-ի իրադարձությունները կատարվեցին, Վազգենն ինչ-որ ասել էր՝ եթե նրանք 100 տոկոս էլ վերցրած լինեին, մենք էլի իշխանություն չենք տա: Բայց բոլորը մոռացել են, որ նա դա ասել էր ժամը 3:10-ին, երբ այդ ամբողջ իրադարձությունները եղել էին: Ուզում եմ ասել, այո, իրոք մենք իր իշխանության դեմ պայքարել ենք, բայց երբ Վազգենը 97-98-ին ամբողջովին հասկացավ եւ 99-ին էլ ուզեց իրականացնել այդ ամբողջ վերափոխումները, դա նույնպես փաստ է: Դա մեր պատմությունն է»:
Արամ Սարգսյանն ընդգծեց՝ «Այն, որ Վազգեն Սարգսյանը պետք էր մեր պետականությանը, դա ինձ համար անհերքելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ