Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Գ. Սարգսյան. «Այն, որ Վազգենն անզգույշ եղավ, դա՝ 100 տոկոս»

Օգոստոս 30,2013 19:57

«Ինձ համար զարմանք էր,որ Կոմանդոսը հիմա Վազգենի վերաբերյալ այդպիսի կարծիքներ հայտնեց»,- Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտարարությունները Վազգեն Սարգսյանի մասին այսպես մեկնաբանեց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի հետ այդքան էլ մոտ չի եղել, բայց ճանաչում է նրան վաղուց. «Այն ժամանակվանից, երբ ինքն աշխատում էր շրջկոմում՝ հրահանգիչ: Գիտեինք, որ ինքը պոետ է, գրող է, հետո դարձավ «Գարունի» աշխատակից: Խառնվածքը  Վազգենի միշտ եղել է այդպիսին՝ էմոցիոնալ էր, եւ դա շատ ճիշտ էր, որովհետեւ ինքը ռոմանտիկ էր: Ինչ եղավ ազատագրական տարիների ընթացքում: Վազգենի նման մարդը պիտի լիներ անպայման: Եթե չլիներ, ուրեմն 10 հոգի պիտի լինեին, որ փոխարինեին Վազգենին: Ես ոչ մեկի արժանիքները չեմ ուզում նսեմացնել: Կա եւ Վազգեն Մանուկյանի հաջողությունները, երբ նա էր պաշտպանության նախարար եւ մյուսների: Բայց Վազգենը, հատկապես վերջին տարիներին նա դարձավ պետականամետ՝ իր ամբողջ էությամբ: Եթե մինչ այդ կային ինչ-որ բաներ, որոնք գալիս էին անփորձությունից, վերջիվերջո չմոռանանք, որ լրիվ անփորձ մարդիկ էին՝ իշխանությունից զուրկ, բայց ինքը վերջին  տարիներին իր այդ պետականամետ կեցվածքով շատ անհրաժեշտ էր: Բայց մի բան կար՝ ինքն իրեն այնքան ուժեղ էր համարում, որ Վազգենը չմտածեց, որ կարող է իր դեմ, ո՞վ կարող է իրեն ինչ-որ մի հատ չոռ ասի: Այդ տեսակետից նա եւ Կարեն Դեմիրճյանը, որ իրոք չէին սիրում անվտանգության աշխատողներ ունենալ, իրենք այդ հարցում սխալվել էին: Մենք էլ էինք սխալվել, որ չպարտադրեցինք նրանց ունենալ անվտանգության ամբողջ համակարգը»:

Մեր հարցին՝ ուղղորդե՞լ են Արկադի Տեր-Թադեւոսյանին նման հայտարարություններ անել, թե՞ ոչ՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե որեւէ մեկի մտքով անցել է, որ պետք է հիմա Սպարապետի ամբողջ կենսագրությունը վերանայել եւ չգիտեմ հանուն ինչի, դա կնշանակի, որ եւս մի փորձ է արվում՝ շեղելու մեր ուշադրությունը հիմնարար այն խնդիրներից, որոնք այսօր մեր երկրում կան: Վազգենի հետ հիմա ի՞նչ կռիվ տաս կամ ինչի՞ համար կռիվ տաս: Հա, եթե եղել են սխալներ, շատ լավ: Բայց այդ սխալների առումով լրիվ համամիտ եմ Անդրանիկ Քոչարյանի հետ, որ Կոմանդոսը հնարավորություն ուներ այդ սխալների մասին ասել անձամբ Վազգեն Սարգսյանին, երբ նա ողջ էր»:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ «Պատերազմի ժամանակ հրամանատարը շատ ժամանակ նաեւ դաժան է լինում: Պատերազմի օրենքները մի քիչ այլ են: Եվ ուզեք թե չուզեք, դուք պետք է ենթարկվեք հրամանատարի այն որոշմանը, որը թվում է, թե սխալ է: Այդտեղ սուբյեկտիվ  մոտեցումներ շատ կան:

Մեր հարցին՝ Դուք է՞լ եք գտնում, որ Վազգեն Սարգսյաննն իր շուրջը համախմբեց մարդկանց, որոնք հետո իրեն վերացրեցին՝ նա պատասխանեց. «Անկեղծ, դժվարանում եմ ասել: Ես իր շրջապատի հետ մոտ  չեմ եղել: Գիտեմ, թե ովքեր են, բայց չեմ կարող ասել, թե իրենց փոխհարաբերությունները ինչպիսին են եղել: Բայց այն, որ Վազգենն անզգույշ եղավ, դա՝ 100 տոկոս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ի տարբերություն Կոմանդոսի, որը շատ բան ասեց՝ պազ ու հասկանալի լեզվով, մնացած բոլորը
    իրենց արտահայտությունները շարադրում են այնքան խորամանկ, որ կարծես թե մի օր երկրորդ և
    երրորդ նախագահ կոչվածները վեր են կենալու և խղճի խայթից ասեն, որ Կոմանդոսը ճիշտ է, և այն
    ժամանակ սրանք կասեն,՝ -բա որ մենք ասում էինք, կամ էլ ճիշտ հակառակն՝ տեղ են թողնում սրանց
    քծնելու:
    Երբ ասում են թե ինչու Կոմանդոսը՝ Վազգեն Սարգսյանի կենդանի օրոք չէր ասում, ապա պետք է
    հարցով պատասխանել, թե ի՞նչից եք վախենում անկեղծ խոսել հենց այսօր, երբ Վազգեն Սարգսյանը
    վաղուց կենդանի չէ:
    Երբ Վազգեն Սարգսյանը ասում է, որ եթե 100%-ն էլ Վազգեն Մանուկյանին ընտրի, մենք իշխանություն տվող չենք, էլ ինչի մասին կարելի է խոսել, կամ կա՞ր որևէ մեկը, որ նրան հակաճառեր:
    Ահա և այս ամենի այսօրվա վառ օրինակը,՝ երբ երկու գավառական, հետամնաց, կիսագրագետ տարրեր ներխուժեցին երկիր, իրենց շուրջը հավաքելով իրենց նմաններին, քծնանքի ներքո կառուցեցին,՝ իրենց ավազակապետությունը:

  2. ARTHUR says:

    Իրոք անթերի մահկանացու չկա այս աշխարհում` այդ թվում և Վազգեն Սարգսյանը: Բայց աշխարհում կա մի նողկալի թերություն, որ նա հաստատ չի ունեցել, այսինքն հանուն կերակրատաշտի նա իր սկզբունքներին երբեք չի դավաճանել, ինչպես արեց Վազգեն Մանուկյանը և նրա շատ կուսակից ընկերներ, որոնց անունը բոլորին է հայտնի:

  3. Հայկ says:

    Հարգարժան Արկադի Տեր-Թադևոսյան, կեղտոտ ժամանակներ ենք ապրում, ձեր ճշմարիտ խոսքը շատերին վախեցրեց և շատերը շակալների նման հարձակվեցին ձեր վրա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031