Հունահայ գրող Պետրոս Մարգարիսն արժանացել է գերմանական «Գյոթե» հեղինակավոր մրցանակին: Հայտնում է «Էնեթ» լրատվականը:
76-ամյա դետեկտիվ ժանրի գրողին մրցանակը տրվել է` «գերմաներենի և միջազգային մշակութային կապերի ոլորտում մեծ ներդրումների համար»:
Տարին մեկ «Գյոթե»-ի մեդալով են պարգևատրվում ոչ գերմանացի գործիչները, որոնք տարածում են գերմանական մշակույթն ու լեզուն, այն տրվում է Գյոթեի ինստիտուտի կողմից:
Օգոստոսի 28-ին Վեիմար քաղաքում պարգևատրման արարողության ժամանակ, որին ներկա էր Գերմանիայի փոխարտգործնախարար Կոռնելյա Պիպերը, երեկոյի կազմակերպիչներն ասել են, որ Մարգարիսը ուշադրության է արժանացել որպես կամուրջ գերմանահունական հարաբերություններում և «երկու երկրների վրա հստակ, վերլուծական աչք պահպանելու համար, նույնիսկ ճգնաժամային ժամանակներում»:
Կարդացեք նաև
Մարգարիսը ծնվել է 1937թ. Ստամբուլում: Նրա հայրը հայ էր, մայրը՝ հույն: Նա գրում է հունարեն, թուրքերեն և գերմաներեն: Մրցանակը ստանալիս Մարգարիսն ասել է, որ գերմաներեն գրելու համար պարտական է իր հորը, քանի որ նա է իրեն դրդել սովորել այդ լեզուն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ooo