Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Հետաքրքիր բան է պատահել, մարդիկ ասում էին՝ «մի՛ դարձեք Սերժիկի շներ»

Օգոստոս 30,2013 19:13

«Կոմիտասի 5 շենքի շուրջ ծավալվող պայքարի ընթացքում ոստիկանությունը նորից անցել է կոպտագույն խախտումների, բռնության, անգամ հետո պարզվեց՝ հրապարակային սեռական ոտնձգությունների: Այսինքն, իր դեմքը մի լավ ցույց տվեց այդ օրը»,- այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գլխավոր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այսպիսի գնահատական տվեց Կոմիտաս 5-ի միջադեպին:

HAK_akcia

Լեւոն Զուրաբյանը պատմեց, որ երբ ակտիվիստների են բերման ենթարկել, իր պարտքն է համարել այցելել նրանց՝ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում. «Մոտ 20-21 մարդ կար՝ մեզ հայտնած տվյալներով: Մի հետաքրքիր բան տեսա, որ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ: Գիտեք, զարմանալի բան էր կատարվում: Երբ ես գտնվում էի ոստիկանության բաժանմունքում եւ սպասում էի, թե երբ կլինի հանդիպումը ոստիկանապետի հետ, ես տեսա, թե ինչ լուրջ առճակատում կար ոստիկանների եւ դրսում հավաքված մարդկանց միջեւ: Եվ ինչ էին մարդիկ, որպես կարգախոս, բղավում: Նրանք ասում էին այն, ինչ մենք՝ 2008-ի մարտի 1-ից սկսած՝ «մի՛ դարձեք Սերժիկի շներ», «մի ծառայեք ավազակապետությանը», «մի ծառայեք Սերժիկին եւ իր պաշտոնյաներին, որոնք ուղղակի այս երկիրը թալանում են»: Հետաքրքիր բան է պատահել, չէ՞: Մի քանի ամիս առաջ մեզանից ոչ ոք չէր սպասի, որ քաղաքացիական շարժման ակտիվիստները նման կարգախոսներով, նման պահանջներով եւ քարոզով հանդես կգան: Ավելին՝ շատերն ասում էին, որ եթե Կոնգրեսն ուզում է հաջողության հասնել, պետք է չափավորի իր բառապաշարը, ծայրահեղական բաներ չասի: Մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ ով անկեղծ, մինչեւ վերջ գնա ցանկացած՝ սոցիալական լինի, մարդու իրավունքների հետ կապված լինի, պահանջատիրության հետեւից, հասունանալու է մի գաղափարի՝ Հայաստանում այս արատավոր քաղաքական-տնտեսական համակարգը փոխելու միակ ձեւը Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ի ստեղծած ռեժիմից ազատվելն է: Եվ այսօր, անկախ մեզանից, դրան է հասունանում նաեւ քաղաքացիական շարժումը»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, նույնը ազատամարտիկների շարժման հետ է կատարվել: Ազատության հրապարակում նրանց պայքարի սկզբում խոսում էին միայն սոցիալական խնդիրների մասին, որոշ մարդիկ ասում էին՝ մենք իշխանափոխության համար չենք  պայքարում, քաղաքական չի մեր պայքարը. «Ի՞նչ կատարվեց՝ ընդամենը մի քանի օր հետո այսօր գլխավոր կարգախոսը ազատամարտիկների պայքարի դարձել է՝ «Սերժիկ, հեռացիր», «իշխանափոխություն», «վերադարձնել իշխանությունը ժողովրդին»: Ժողովուրդ, սա ի՞նչ է նշանակում՝ պարզ մի բան, որ ինքը՝ ռեժիմը ժողովրդին դրել է մի այնպիսի վիճակի մեջ, որ ժողովուրդը անգամ ամենաանմեղ պահանջներից սկսելով իր պայքարը, շատ արագ հասկանում է, թե ով է այս երկրի զարգացման հիմնական խոչընդոտը: Դա շատ կարեւոր զարգացում է»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ բոլոր քաղաքացիական խմբերին ողջունում են եւ մասնակցելու են բոլոր պայքարներին. «Գնալով ռեժիմը հասկանում է, որ այս պայքարը դուրս է գալիս իրենց վերահսկողության պատից: Մի պահ խոսակցություններ կար, որ քաղաքականը դա մի առանձին պայքար է, քաղաքացիականը՝ մի առանձին պայքար: Որոշ ակտիվիստներ ասում էին՝ մեր պայքարը պետք է քաղաքականից մի կողմ պահել, որոշ մարդիկ անգամ ասում էին, որ քաղաքական կուսակցությունների դարն անցել է, ցանցային քաղաքացիական պայքարի դարն է: Դրանք շատ նորմալ տեսություններ են, բան չունեմ դրանց դեմ, առավել եւս, եթե մարդիկ այդ բանն ասելուց հետո զբաղվում են անկեղծ պայքարով: Բայց պետք է հասկանալ մի բան՝ ոչ մի քաղաքական կամ քաղաքացիական  խումբ, որ պայքարում է ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման համար, ոչ մի խումբ մյուսին մրցակից չէ: Մենք բոլորս դաշնակիցներ ենք: Միակ մրցակցությունը պետք է լինի ոտքի ելած ժողովրդի եւ հասարակության պայքարը՝ այս իշխանությունների դեմ»:

Նա կոչ արեց որեւէ քաղաքական խմբի պայքարին չքննադատել, անկախ նրանից, թե ինչ ձեւով կտանեն այդ պայքարը. «Մենք միայն այդպես ենք վարվում: Կարող ենք համարել, որ տարբեր քաղաքական ուժերի միջոցառումներն արդյունավետ չեն, բայց մենք դրա մասին չենք խոսի, որովհետեւ պարզ գիտակցում ենք, որ ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է»: Նա միավորված պայքարի կոչ արեց՝ նշելով, որ դա չի նշանակում, որ բոլորը պետք է հավաքվեն Ազատության հրապարակում: Առայժմ դա նշանակում է, որ միմյանց չքննադատեն, հստակ պահեն մեկ պայքարի թիրախ. «Ուրեմն՝ միացյալ պայքար, պայքար, մինչեւ վերջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031