Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետները պարզաբանում են, թե ինչու է բաց հանքի շահագործումն անթույլատրելի (Տեսանյութեր)

Օգոստոս 30,2013 18:58

«Կապան քաղաքում ժամանակին, երբ հորատումներն արվում էին չոր եղանակով, հիվանդանոցը լիքն էր սիլիկոզ հիվանդությամբ տառապող հիվանդներով, իսկ թաց եղանակով հորատումներին անցնելուց հետո՝ վերացավ:

Շահումյանի բազմամետաղային հանքավայրի ծննդավայրը գտնվում է Կապան քաղաքի տարածքում եւ քամիների ուղղությամբ պայմանավորված պայթեցումներից առաջացած թունավոր գազերը, փոշին ամբողջովին տարածվելու են Կապան քաղաքի վրա, իսկ դրանք շնչելու են Կապանի քաղաքացիները: Եթե նախկինում միայն հորատողներն էին հիվանդանում սիլիկոզով, ապա հիմա բոլորը կունենան այդ հիվանդությունը: … Բաց եղանակով աշխատելու դեպքում Կապանին սպասվում է ոչ պակաս վտանգ, քան թե ուրանի ծննդավայրի մշակումը պետք է լիներ»,- այսօր Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ Շահումյանի բաց հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց «Խուստուփ» բնապահպանական հ/կ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:

Լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Գասպարյանը հանդիպման ժամանակ հայտնեց, որ Շահումյանի  ոսկու բազմամետաղային հանքավայրի նախագիծը կազմվել էր  մոտ 20 տարի առաջ եւ նախագծվել էր ստորգետնյա շահագործման նպատակով: Նրա համոզմամբ՝   բաց եղանակով հանքի շահագործումը սխալ կլինի ոչ միայն շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար, այլեւ՝ սեփականատերերի: «Ես երկրաբանական տվյալներին քաջատեղյակ եմ: Նրանք արդեն շահագործել են հանքավայրի հորիզոնները մինչեւ 900-920 մ, վերեւը մնաց մի քիչ շերտեր, որոնք կարող է ունեն փոքր-ինչ տարբեր էլեմենտներ, բայց դա ոչ մի շահույթ չի տա: Էսօրվա դրությամբ  իրենք հայտարարում են, որ շահույթով չեն աշխատել անցած տարիներին, եւ դրա ձգտումը միայն այն է, որ օգտագործեն հզոր տեխնիկա ու վերցնեն ավելի շատ: Հզոր տեխնիկա օգտագործելով, ծավալները մեծացնելով էական բանի չեն կարող հասնել, բայց  դա կբերի մեր հանրությանը մեծ վնաս, որովհետեւ բոլոր արտադրական գործընթացները, որ կատարվում են ստորգետնյա պայմաններում, պիտի դուրս բերվեն մակերես, եւ այդ փոշին կգա մեր քաղաք: Բաց հանքերի օդափոխման համակարգը շատ մեծ փողերի հետ է կապված,  եթե իրենք պնդում են, որ շահույթ չունեն, ապա ինչքա՞ն ծախսեր պետք է անեն, որ ապահովեն մեր կյանի անվտանգությունը», – նշեց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանն էլ համոզմունք հայտնեց, որ նոր ստեղծվելիք աշխատատեղերը եւ տրվելիք աշխատավարձերը չարիք են դառնալու նույն աշխատողների համար:  «Ո՞ւմ է պետք այդ աշխատավարձը, եթե դա լինի 500 հազար դրամ, բայց երկու տարի հետո այդ քաղաքացին ստիպված լինի իր 15-20 հազար դոլարանոց բնակարանը վաճառի, որպեսզի կարողանա իր վնասված օրգանները ինչ-որ մի ձեւով մի քանի տարվա համար պիտանի դարձնի: Սյունիք գյուղական համայնքը Շահումյանին հարակից տարածք է եւ գյուղմթերքների զգալի մասն այնտեղից  է գալիս Կապան, մենք չենք կարող գնալ Քաջարանում ստեղծել Սյունիք գյուղը, ոչ էլ կարող ենք Քաջարանից դուրս ստեղծել մեկ այլ Կապան քաղաք: Եկեք մեր զգոնությունը չկորցնենք այս հարցի վերաբերյալ: Եթե կան տնօրեններ, որ ասում են  բաց հանքի վերաբերյալ ոչ մի խոսակցություն չի լինելու, ես կուզենայի այդ մարդիկ իրենց մեկ ասածի շուրջ պտտվեին, ոչ թե տարբեր տեղերին խփեին ամեն անգամ: Իրականում նույն մեխին խփելով, բայց տարբեր ձեւերով, ի վերջո էդ մեխը կծռվի», -ասաց նա:

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Մկրտումյանը քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ ընկերության կողմից  բաց հանքի շահագործման վերաբերյալ ոչ մի նախագիծ չկա կազմված եւ համապատասխանաբար բնապահպանական փորձաքննության ոչ մի փաստաթուղթ չկա ներկայացված:

Հանդիպմանը ներկա գտնվող Կապանի քաղաքապետի խորհրդական Տիգրան Թադեւոսյանը նշեց, որ դեռ վաղ է որեւէ տեսակետ հայտնել բաց հանքի վերաբերյալ, դեմ եւ կողմ լինելու որոշումը պետք է լինի հիմնավորված, եւ բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում միայն հնարավոր կլինի ճիշտ որոշում կայացնել:

Իսկ Կապանի ավագանու անդամ Վիլեն Գրիգորյանը դեմ արտահայտվեց բաց հանքի ծրագրին եւ խոստացավ իր լուման ներդնել եւ համագործակցելով մյուսների հետ՝ պայքարել այդ ուղղությամբ:

«Ցանկացած բիզնեսմեն չի մտածում ժողովրդի մասին, դա բնական է,  իր օգուտի մասին է մտածում: Կանադացին երբեք չի մտածելու  կապանցու մասին, պիտի բոլորս մտածենք մեր մասին, եթե ուզում է ծավալները մեծացնի, մենք կողմ ենք, թող մեծացնի, աշխատատեղեր ավելացնի, բայց միայն փակ եղանակով այդ տարածքները շահագործի», – հավելեց նա:

«Միգուցե բաց հանք չլինի, բայց էսպիսի ասացվածք կա, որ  խաղաղության հասնելու համար պետք է լավ նախապատրաստվես պատերազմին: Վերջապես այս ժողովուրդն է այս սարերի տերը եւ նա է իր արյան գնով պահել էս սարերը, շահագործվող հանքն է պահում  այստեղի ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ վաղը մյուս օրն իրենց ստացած աշխատավարձերը պետք է չարիք դառնան իրենց համար:  Պետք է գտնել  ոսկե միջինը»,- իր կարծիքը հայտնեց Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Ներսես Շադունցը:

Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանը ընդգծեց, որ դեռեւս մայիս ամսին «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ ընկերության վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել էր, որ բաց հանք չի լինելու, սակայն այսօր էլ հայտարարում է, որ այդ հարցը վերջնական կորոշվի սեպտեմբերին, ինչը մտահոգության ու կասկածի տեղիք է տալիս, ուստի ճշտ է, որ հանրությունը հիմիկվանից քայլեր ձեռնարկի եւ արտահայտի իր դիրքորոշումը:

«Մենք մի շարք անգամ այս հարցը բարձրացրել ենք, եւ պարոն Ջաբրայանը մայիսյան ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ բաց հանքի հարցը փակված է, բայց հանք չի լինելու, բայց ահավասիկ վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ վերջնական որոշում կկայացվի սեպտեմբեր ամսին: Չգիտեմ, պարոն Ջաբրայանը ստուգո՞ւմ է  մեր հիշողությունը, թե՞ մտածում է  մեր տրամադրությունները փոխվում են: Կապանցիները միանշանակ պետք է ո՛չ  ասեն բաց հանքի շահագործմանը: Կոմբինատը պետք է աշխատի միանշանակ, բայց փակ եղանակով: Եթե պետք լինի ստորագրահավաք կանենք, միտինգներ կկազմակերպենք», – հավելեց բնապահպանը:

Շահումյանի բաց հանքի վերաբերյալ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hasmik says:

    Այդ քննարկումն ոչ մի բանի նման չէր, թեման անվերնագիր էր, իսկ կազմակերպչի վերաբերյալ ես կասեի “Մի մուկ խոսեց իր հերթին”

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031