Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վատ չեմ զգում, որ հաշմանդամ երեխա ունեմ, բայց հասարակությունը ստիպում է վատ զգալ». (Տեսանյութեր)

Օգոստոս 30,2013 18:28

Այսօր Կառավարական տան շենքի դիմաց հավաքվել էին հաշմանդամներ՝ իրենց ծնողների եւ խնամակալների հետ: Հավաքը կազմակերպել էր՝ «Հույսի Օջախ» հ/կ-ն Հայաստանի Հանրապետությունում անգործունակ ճանաչված հաշմանդամների խնամակալության ինստիտուտի վերաբերյալ:

«Հույսի Օջախ» հ/կ-ի նախագահ Մարիետա Դանագուլյանն ասաց, որ հաշմանդամ ծնողների մահանալու դեպքում վտանգվում է նրանց կյանքը. «Այս համակարգը դեռ կայացած չէ եւ այնպիսի մարդ կարող է խնամակալ դառնալ, որը հետաքրքրված է միայն հաշմանդամին պատկանող գույքով: Հայաստանում 182000 հաշմանդամներ կան, որոնցից մոտավորապես 10000-ը դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ: Անգործունակը այն մարդն է, որը հոգեկան խնդիրներ ունի եւ չի կարող իր փոխարեն որոշումներ ընդունել ու նրա շահերը պաշտպանում է պետության կողմից նշանակված խնամակալը: Այդ խնամակալի նշանակման գործընթացները, ընթացակարգերը Հայաստանում կարգավորված չեն: Կան շատ խնդիրներ եւ այսօր մենք ունենք առաջարկություններ ՀՀ վարչապետին առողջապահության նախարարին եւ աշխատանքի եւ սոցիալ հարցերի նախարարին: Այսօրվա հավաքի նպատակն այն է, որ մենք հավաքվենք բոլորովս միասին, անենք ստորագրահավաք ուղերձին կցելու համար»:

հաշմանդամներ-3

Բացի խնամակալության հետ կապված խնդիրներից, հաշմանդամների ծնողները եւ խնամակալները շատ տարբեր խնդիրներ են ունենում հաշմանդամներին խնամելիս:

Նրանցից ոմանք նշում էին, որ իրենց երեխաները մենակ տեղաշարժվել չեն կարող եւ նրանց ցանկացած հարցով ծնողը իրենց հետ է, իսկ ավտոբուսներով երթեւեկելուց ծնողները կրկնակի են վճարում, ինչը իրենց պարագայում շատ դժվար է. «Թող տան ավտոբուսի մշտականներ 2 հոգու համար, որ երեխաների հետ կարողանանք տեղափոխվել» ասում էին ծնողները:

հաշմանդամներ-1

Կային մարդիկ, որոնք շատ դժգոհ էին հասարակության վերաբերմունքից իրենց եւ իրենց երեխաների նկատմամբ. «Ես վատ չեմ զգում, որ հաշմանդամ երեխա ունեմ, բայց հասարակությունը ստիպում է վատ զգալ: Հիմա գոնե մի քիչ կարողանում է նորմալ քայլել, այն ժամանակ ընդհանրապես չէր կարողանում, շարժվելով էր կանգնում: Մի անգամ էլ ավտոբուսի մեջ կանգնած էր մեկ էլ մի մարդ ապտակեց երեխուն: Ասում եմ, ինչու ես խփում, ասում է ընկնում է վրես, ասում եմ հաշմանդամ երեխա է, չի կարողանում կանգնել, փոխանակ տեղ տաս նստի ապտակում ե՞ս, ասում է ասեիր, ասում եմ, ո՞նց, մտնեմ տրանսպորտ ու ասեմ, գիտեք ինչ, երեխան հաշմանդամ է, տեղ տվեք թող նստի: Նախ` արտաքնապես երեւում է, որ ինքը խնդիր ունի, բարի եղեք տեղ տվեք: Մի հատ նենց ապտակեցի, ասեցի դե որ ապտակելը լավ է, ես էլ քեզ կապտակեմ: Նոր այդ ժամանակ ամենքը տեղից վեր կացան, ասեցին, վայ բերեք նստեցրեք, բերեք նստեցրեք, ասեցի արդեն պետք չի»:

Հաշմանդամ երեխաների ծնողները բողոքում են, որ պետությունը ոչ մի ձեւով չի օժանդակում նրանց, այնինչ հաշմանդամ երեխային պահելը իրոք շատ դժվար է. «Հասարակ մի բան, հիմա ես ինչո՞ւ պետք է աշխատեմ, եթե ունեմ այսպիսի երեխա: Մի՞թե ուրիշից վատ կնայեմ իմ երեխային: Ինքը ծնվել է 1996 թվականին եւ ես այդ տարիներին աշխատում էի: Իրան խնամելու պատճառով ես չէի կարող աշխատել այն ժամանակ, որովհետեւ օգնող չունեի: Բայց հետո այնպես ստացվեց, որ պետք էր ինձ աշխատելը, մենակ ես պետք է աշխատեի: Գնացի սոցապ նախարարություն: Ասեցի, ես ունեմ 35 տարվա ստաժ ու այնպես չէ, որ չեմ կարող աշխատել, մասնագիտություն չունեմ, կամ չեմ ուզում աշխատել, բայց ունեմ հաշմանդամ երեխա, իմ ստաժի համար դուք թոշակ կտա՞ք ինձ: Մի հատ կին էր այդտեղ նստած, որը շատ կոպիտ ինձ պատասխանեց. «Դուք պետք է ուրախ լինեք, որ ունեք հաշմանդամ երեխա, քանի որ ժամանակից շուտ թոշակի կգնաք»: Այն ժամանակ օրենք կար, որ հաշմանդամների ծնողները 55 տարեկանից թոշակի են անցնում: Ես էլ ասեցի իմ ուրախությունը կիսում եմ ձեզ հետ, ու այնքան լցվեցի, որ չկարողացա ուրիշ բան խոսել»:

Ծնողներից շատերը բողոքում էին, որ չկան հանգստի ծրագրեր հատուկ հաշմանդամ երեխաների համար. «Այս տարի անձամբ գնացել եմ թաղապետարան, որովհետեւ մի հատ տեղ չկա, որ հաշմանդամ երեխաները կարող են հանգստանալ: Գոնե ճամբարներ լինեին այսպիսի երեխաների համար: Ախր արդեն պարզ է, որ եթե տվյալ ծնողը ունի հաշմանդամ երեխա, ուրեմն իր սոցիալական վիճակը այնքան էլ լավ չէ: Կարելի է չէ՞ մի քիչ ընդառաջել, օգնել»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031