Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակրոլուսանկարչությունը խորը ու գրավիչ աշխարհ է». Նարե Ջան Մկրտչյան

Օգոստոս 30,2013 16:53

«Ես Նարե Ջան Մկրտչյանն եմ».  այսպես ներկայացավ ու սկսեց պատմել իր մասին երիտասարդ մակրոլուսանկարչուհին: Անունն էլ պատահական չէ ընտրված. «Դեռ փոքր տարիքից ինձ գրեթե բոլորը դիմում էին Նարե ջան, ու մի օր որոշեցի անվանս ավելացնել այդ «Ջան»-ը, նամանավանդ, որ Նարե Ջան Մկրտչյան գեղեցիկ է հնչում և մինչև հիմա ինձ ընկերներս հիշեցնում են, որ սկզբում բոլորին ստիպում էի ինձ հեռախոսում գրանցել որպես Նարե Ջան և դիմել միայն այդպես, – ասում է նա, – չնայած որ շատ եմ սիրում անունս, բայց ուրախ եմ, որ ունեմ հետաքրքիր, ճիշտ է երկար, բայց հիշվող կեղծանուն»: Նարե Ջանը 23 տարեկան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Թեև տնտեսագիտությունը բավական հեռու է լուսանկարչական արվեստից, բայց նրա խոսքով՝ այն իրեն շատ է օգնում. «Լուսանկարչությունը չբացահայտված ու հետաքրքիր աշխարհ է, և խորանալ կարող ես այնքան, ինչքան թույլ է տալիս երևակայությունդ, բայց շատ հաճախ երևակայությունդ կարող է պոկել իրականությունից և շատ հեռու տանել, հենց այդ ժամանակ էլ ինձ օգնում է առաջին մասնագիտությունս, որը վերադարձնում է իրականություն»: Նարե Ջանի առաջին «հանդիպումը» մակրոլուսանկարչության հետ եղել է 6-7 տարի առաջ. «Գեղեցիկ ծաղկեփունջ էր, իսկ ծաղիկների թերթերին ցող էր նստած, ու ցողի մեջ փունջն էր արտացոլվում, թվային տեսախցիկի մակրո ռեժիմով փորձեցի նկարել, սկզբում չստացվեց, բայց քանի որ արդեն հետաքրքրված էի, այնքան փորձեցի, մինչև իմ տեսածը կարողացա նկարել. արդյունքը ադարացրեց ջանքերը», – հիշում է Նարե Ջանը: Ծնողները սկզբում այնքան էլ կողմ չէին աղջկա աշխատանքին, կարծելով, թե դա պարզապես նախասիրություն է, սակայն ժամանակի ընթացքում տեսնելով աշխատանքները, ոչ միայն թույլ են տվել, այլև օգնել են զարգացնել այն, ինչ «հայտնաբերել է» Նարե Ջանը: «Ճիշտ է, ծնողներս հիմա էլ կգերադասեին, որ ես աշխատեի որպես տնտեսագետ, բայց տեսնելով, թե ինչ հաճույքով եմ ես զբաղվում լուսանկարչությամբ, նրանք միայն ուրախ են ինձ համար, և իսկապես երջանկություն է զբաղվել սիրած գործով», – ասում է նա: Թեև Նարե Ջանի համար առավել հոգեհարազատ է մակրոլուսանկարչությունը, սակայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև մարդկանց լուսանկարելը. «Ամենասկզբում մարդկանց լուսանկարելը ինձ չէր գրավում, բայց մի քանի շատ հետաքրքիր մարդկանց նկարեցի ու ինչ-որ նոր բան գտա, որը ձգեց, զարմացրեց ու ստիպեց նորից ու նորից նկարել, – ասում է  նա, – աչքեր, էմոցիաներ, շարժում, գույներ ու նոր մտքեր առաջացան՝ մեկը մյուսից համարձակ, հետաքրքիր, էքստրեմալ, եթերային, տարօրինակ, ու ամեն անգամ գտնվում էր ամեն մտքի համապատասխան անձնավորությունը, ում հետ դժվարությամբ, բայց ի վերջո ստանում էինք երևակայական կերպարները»: Ինչպես հավատացնում է  Նարե Ջանը՝ նկարելը  նաև սթրեսից խուսափելու հնարավրություն է տալիս: Նրա խոսքով, լուսանկարչությունը ասոցացվում է միայն դրական, բարի, հաճելի զգացողությունների հետ ու օգնում է հեշտությամբ վերանալ իրականությունից: «Մակրոլուսանկարչությունը խորը ու գրավիչ աշխարհ է լուսանկարչության մեջ: Այն ավելի շատ չբացահայտված կողմեր ունի, և դրանով ավելի է ձգում, – ասում է Նարե Ջանն ու հավելում, – լուսանկարչության այս ուղղությունը հնարավորություն է տալիս աշխարհը ներկայացնել իմ աչքերով»:

PrevPhoto
NextPhoto

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031