Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ուրախ իրարանցում էր: Առաջին անգամ Հայաստանի թանգարանային պատմության մեջ այստեղ բացվեց «Մութ ու Լուս աշխարհ»-ի դռները: Դրանցով ներս մտնողը հայտնվում է մի սրահում, որտեղ ընթանում են «Ձախորդ Փանոսը» հեքիաթի գործողությունները: Քանի որ սրահը կահավորվել է 3D տեխնոլոգիայով (իրականացնող՝ INTERACTIVE WORLD ընկերություն), ապա այցելուները ակամայից սկսում են հայտնվել հեքիաթում և Փանոսի հետ միասին «կիսում» են նրա ձախորդությունները: Սա «Մութ ու Լուս աշխարհի» առաջին «Աշխարհը» կլինի, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «Աշխարհներ». նշում են կազմակերպիչները: Թանգարանային այս նորարարությունը հնարավոր է դարձել մի ազնիվ հայ Յիրիկյան ընտանիքի շնորհիվ՝ Ռալֆ Յիրկյանի գլխավորությամբ: Եվ բնական է, որ «Մութ ու Լուս աշխարհի» դռների բացումը տրվեց այս ընտանիքի բալիկներին` Սարին և Նարեկ Յիրիկյաններին: Նրանց ցանկությունն էր, որ հավերժ ապրի հեքիաթը և միշտ լուսավորի մեր` հատկապես երեխաների ճանապարհը:
«Ճիշտ է, սա Յիրիկյան ընտանիքի մշակութային նվերն է բոլոր երեխաներին մեծ հեքիաթագիր Հովհ. Թումանյանի թանգարանի միջոցով, բայց նաև բարեգութ լինելու օրինակելի դաս է բոլորի համար:Սա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը` վայելելով այս նվերը, պետք է մտածի նրանց մասին (հատկապես երեխաների), ովքեր առողջական պատճառներով չեն կարող այն տեսնել և զվարճանալ՞,- նշեցին կազմակերպիչները և հավելեցին, որ այդ նպատակով թանգարանը թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողության բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
Օվսաննա Սիմոնյան