2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և նախապես շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ խորհրդակցությունը հնարավորություն է ինչպես ամփոփելու նախորդ ուսումնական տարում գրանցած ձեռքբերումները, այնպես էլ խոսելու և քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:
Օրակարգի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2012-2013թթ. ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, առանձնացվել են դպրոցների կառավարման համակարգի և նորագույն տեխնոլոգիաների ներդնումը: Կարևորելով դպրոցների շենքային համապատասխան պայմանների ապահովումը՝ նշվել է, որ ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է մայրաքաղաքի թվով 22 դպրոց, քաղաքաշինության նախարարություն է ներկայացվել վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 96 դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն: Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցների հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար մի շարք դպրոցներում կազմակերպվել է ներառական կրթություն: Քաղաքապետի նախաձեռնությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով: Այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Կարևորելով դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը՝ կազմակերպվել են այցելություններ մշակութային օջախներ, նաև մասնակցություն տարբեր միջոցառումների: Երևանի քաղաքապետի կողմից խրախուսվել են առարկայական օլիմպիադաներում, նաև այլ մրցույթներում հաջողություններ գրանցած աշակերտները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասարանների շուրջ 7000 աշակերտներ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ստացել են պայուսակներ ու գրենական պիտույքներ։ Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաև առաջարկներ՝ դպրոցներում կրթական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Խորհրդակցության շրջանակում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր հերթին, կարևորելով ուսումնական տարվա մեկնարկից առաջ անցկացվող խորհրդակցությունը, ներկայացրել է կրթական որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ցուցաբերվող մոտեցումները:
Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են նաև տնօրեններին մտահոգող հարցերին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այն գնահատել է արդյունավետ և, մասնավորապես, նշել. <<Կարող ենք փաստել, որ 2012-2013 ուսումնական տարին հաջող է եղել և դպրոցների համար արդյունավետ թե´ շենք-շինությունների պահպանման, թե´ ուսումնակրթական մասով և թե՛ այն արդյունքներով, որ արձանագրվել են այս կամ այն օլիմպիադայում երեխաների հաջողություններով ու գրավոր և բանավոր քննություններում: Իսկ բոլոր այն խնդիրները, որոնք հընթացս առաջանում են ոլորտում, մեր ամենօրյա հսկողության ներքո են: Այս տարի նախատեսում ենք անել ավելին: Ձեռնամուխ ենք լինելու նաև մի շարք դպրոցների հիմնանորոգմանը>>,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն