Պլանավորել եք մի քանի օր անց, մեկ շաբաթ կամ ամիս անց որևէ քայլ ձեռնարկել, որը Ձեզ համար շատ կարևոր է, օրինակ՝ գնալ պարի դասընթացի, անգլերեն լեզվի պարապմունքների և այլն, սակայն օրհասական պահին մտափոխվում եք: Սա կարող է պայմանավորված լինել հոգեբանական կամ արտաքին որոշակիդրդապատճառներով: «Հիմնականում մարդիկ աշխատանքի հետ կապված կարող են չկողմնորոշվել: Մարդիկ մտածում են, որ չեն կարող, որ դա վեր է իրենց ունակություններից: Ոմանք խուսափում են նոր միջավայրից: Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել մեկ ուրիշի աշխատողը, լսել նրա հրամանները »,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանը: Հավելում է՝ մարդկանց երկմտանքը, նպատակների իրականացումն անընդհատ ետ գցելը խոսում է ներքին և արտաքին դրդապատճառների մասին: Օրինակ՝ մարդ չի ուզում որևէ լուրջ փոփոխություն, որովհետև այդպես էլ իր կյանքը վառ է և գունեղ, իսկ փոփոխության դեպքում հնարավոր է բախվեն բազում խնդիրների հետ: 22-ամյա Սոնան խոստովանումմ է՝ վաղուց է պլանավորում հայցով դիմել որևէ կազմակերպություն, որը կօժանդակի իրեն մեկնել երկրից և ուսումը շարունակել արտասահմանում. «Պարզապես ես չգիտեմ` կարո՞ղ եմ որևէ երկրում միայնակ ապրել առանց հարազատներիս կամ արդյոք հազարավորների միջից կօգնեն ու կաջակցեն ինձ: Դա մի քիչ պատասխանատու արարք է, մի քիչ էլ ռիսկային. գուցե հիմա անեմ, հետո զղջամ, բայց գուցե նաև լինի հակառակը», -ասում է նա: Կյանքից անբավարվածությունը, շրջապատի հետ վատ փոխհարաբերությունները, սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը, ալարկոտությունը մարդկանց անգործության գլխավոր պատճառներն են: Ըստ հոգեբանի՝ կան նաև մարդիկ, որոնց համար սովորություն է ամեն ինչ «հետոյին» թողնելը: Աննա Վարդանյանը նաև նշում է. «Նպատակը իրականում կարող է Ձերը չլինել, այսինքն Դուք ինչ-որ բան եք նպատակադրվել՝ ելնելով ուրիշների փորձից կամ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար»: Ըստ հոգեբանի՝ նախկինում ակտիվ ու էներգետիկ կյանքը ևս կարող են ներքին դրդապատճառներ լինեն, քանի որ դա կարող է հոգեպես հոգնածության հանգեցնել: Առողջական վիճակը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և այլն արտաքին դրդապատճառներ են: Հոգեբանը խորհուրդ է տալիս ինքներդ Ձեզ համար հետաքրքրություններ ստեղծեք, զբաղվեք սիրած գործով, դրդեք Ձեր անձը ինչ-որ բան կատարելու, մի թերագնահատեք Ձեզ, լավ մտածեք՝ արդյո՞ք Ձեր մտահոգությունները տեղին են:
Նազենի Բաղդասարյան