Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Օգոստոս 30,2013 15:56

Հարգելի պարոն Սարգսյան.
2012 թվականի հունվարի 12-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» հ. 1 արձանագրային որոշումը:
Որոշման հ. 3 հավելվածի / ժամանակացույց / 20-րդ կետը նախատեսում է՝ Նպաստել օտարերկրյա պետություններում հայագիտական կենտրոնների ստեղծմանը: Կատարման պատասխանատուներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարությունները՝ ՀՀ գիտության ազգային ակադեմիայի հետ համատեղ /համաձայնությամբ /: Կատարման ժամկետը՝ 2012-2025 թթ., միջոցները՝ ՀՀ պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ:
Հավատալով այս հիրավի հայաշահ որոշմանը, ես դարձյալ ձեռնամուխ եղա հայրենիքիս օգտակար լինելու հերթական քայլին, այն է՝ Բելգիայի համալսարաններից մեկում հիմնել հայագիտական կենտրոն: Ամենաճանաչված՝ Լյովենի / Լյուվեն / համալսարանում են գործել հայագետներ Ֆելիքս Նեւը, Ժոզեֆ Լըբոնը, Մոյլդերմանսը, Ժերար Գարիտը, Բեռնար Կուլին, այլոք: Համալսարանում կա շուրջ 3000 / երեք հազար / հայալեզու գիրք: Համալսարանում ուսանում է մոտ 40.000 ուսանող: Համալսարանի «մի մասը»՝ ֆրանսիականը, գտնվում է Լուվեն դը Նյովը քաղաքում:
Խնդրո առարկա հարցով ես հանդիպեցի ծանոթիս, համալսարանի նախկին ռեկտոր, այժմ՝ պատվավոր ռեկտոր, պրոֆեսոր, գրաբարագետ Բեռնար Կուլիին: Կուլին ուրախացավ առաջարկիցս, թեպետ նշեց, որ ինքը դիմել է Բելգիայում բնակվող «հարուստ հայերին», բայց մնացել է անպատասխան, եւ թերահավատ է, թե հարցը լուծում կստանա:
Նման կենտրոն ստեղծելը թանկ հաճույք է: Միջին «արժեքը» 100.000 / հարյուր հազար / եւրո է մեկ տարվա համար: Բանակցությունները բերին նրան, որ կարելի է գործել նաեւ 50.000 / հիսուն հազար / եւրոյի շրջանակներում: Այս գումարի մեջ մտնում են կենտրոնի եւ Հայաստանից գործուղվող մասնագետների ծախսերը: Մի բան էլ. նման կենտրոններում պետք է ուսուցանվեն, ուսումնասիրվեն միայն հին լեզուներ: Մեր դեպքում, բացառության կարգով, ուսուցումը կտարվեր նաեւ արդի հայերենով: Դիմեցի ՀՀ կրթության եւ գիտության նախարար պարոն Աշոտյանին: Որոշ ժամանակ անց նախարարությունից ինձ տեղեկացրին, որ պարոն Աշոտյանը պատրաստ է հատկացնել 10.000 / տասը հազար / եւրո՝ կենտրոնին, իսկ մասնագետների գործուղման հարցերը կհոգան համապատասխան բուհական հաստատությունները: Նախարարությունից խնդրեցին նաեւ Լյովենի համալսարանի ռեկտորի պաշտոնական նամակը եւ ֆինանսական հաշվեհամարը: Նորից դիմեցի պրոֆեսոր Կուլիին: Շուտով ստացա դրական պատասխան եւ ռեկտորի բարեկամական ջերմ նամակը: Նամակն անմիջապես ուղարկեցի պարոն Աշոտյանին: Պատասխանն այս անգամ շատ չուշացավ. պարոն Աշոտյանը հրաժարվեց իր խոստումից: Հետո, ասացին, դիմել են ֆինանսների նախարարությանը, որն էլ մերժել է առաջարկը՝ ոչ 2013-ին, ոչ էլ 2014-ին գումար չի հատկացվի: Նույնաբովանդակ նամակ գրեցի նաեւ ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանին: Շուտով կլրանա նամակիս մեկ տարին: Չխախտելով ավանդույթը, նախարարությունն այս, ինչպես շատ դեպքերում, անպատասխան թողեց առաջարկս: Հետո տեղեկացա, որ հիշյալ նամակը հասցեագրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը. ինչպես հումորիստներն են ասում՝ պասերով, պասերով:
Հարգելի պարոն Սարգսյան: Հավատում եմ, որ Դուք կգտնեք հարցի լուծման ճանապարհը: Չէ որ, կատարվել է մեծ աշխատանք, մարդիկ պատրաստ են ամեն ինչ անել հայանպաստ աշխատելու համար: Եւ, եթե Դուք էլ հարցը կհամարեք փակված, այդ դեպքում խնդրում եմ ասել.
միգուցե կա այնպիսի ծրագիր, որը նախատեսում է անտեսել, կործանել բոլոր հայանպաստ նախաձեռնությունները / մեր բազում նախաձեռնությունները, որոնք անկասկած օգուտ կբերեին մեր երկրին, անտեսվել, անպատասխան են մնացել, «լռվել են» նախարարությունների անպատասխանատու չինովնիկների աշխատասենյակնե- րում /: Այս դեպքում մենք էլ զուր տեղը չենք վատնի ժամանակը, ներվերը, միջոցները… Եւ, մեկ էլ, վերաբերյալ արձանագրային որոշումը որոշո՞ւմ է, թե՝ արձան, գուցե 2013 թվականը գալու է 2025-ի՞ց հետո եւ կատարողներն էլ ա՞յլ գերատեսչություններից են…
Հ.Գ. Լյովենի համալսարանի դասախոսներից մեկը, ով ծանոթ է այս չարչրկված հարցին, անթաքույց ափսոսանքով ասաց. – Գիտես, եթե հիմա մենք նույն խնդրով դիմենք մեր համալսարանում սովորող ադրբեջանցի կամ թուրք ուսանողներին եւ պահանջենք, ասենք, 5 մլն եւրո, հավատացած եղիր, վաղն եւեթ այդ գումարը կփոխանցվի: Պատկերացնո՞ւմ ես՝ ադրբեջանագիտության կենտրոն Լյովենի համալսարանում… – Պատկերացնում եմ,- պատասխանեցի:
Հարգանքով՝
Գեւորգ Մինասյան
Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ
30.08.13 ք. Անտվերպեն, Բելգիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031