Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ բուտկչին ֆռռացրել է մի ամբողջ պետական համակարգ». Սարհատ Պետրոսյանը` Փակ շուկայի սեփականատիրոջ մասին

Օգոստոս 30,2013 15:41

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը վստահեցնում է՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները  ու մշակութային հուշարձանների պահպանության մասին ընդունած օրենքները թույլ են տալիս վերցնել «Փակ շուկան» սեփականատիրոջից:

Այսօր «Ուրբաթ» ակումբում նա ասաց, որ 2008-ին Հայաստանը հաստատել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության   կոնվենցիան, որը պարտավորեցնում է  կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին իրենց պետական համակարգում ստեղծել մեխանիզմներ` հուշարձանը քանդողներից հուշարձանը հետ վերցնել:  Նրա խոսքերով՝ նույն հնարավորությունն է տալիս նաեւ ՀՀ հուշարձանների մասին օրենքի 38-րդ հոդվածը. «Հուշարձան օգտագործողները,  եթե նույնիսկ առանց մտածելու հուշարձանին վնաս են հասցրել, զրկվում են հուշարձանի օգտագործման իրավունքից:

Պետության անկարողության մասին է վկայում այն, որ  քաղաքացիներն են իրենց վրա  «Փակ շուկայի» պահպանության հարցը վերցնում: Այսինքն՝ մշակույթի նախարարությունը հուզիչ ու լացակումած հայտարարություններ անելու  փոխարեն, որպես  այս օրենքի իրացնող,  պետք է կառավարության դիմաց նստացույց աներ, ամբողջ նախարարությունով վարչապետի կաբինետից պետք է դուրս չգային, որ իրացնեին օրենքով ամրագրված իրավունքները: Ու անիմաստ է հիմա նստենք բուտկչու հոգեբանությամբ կառուցապատողին մեղադրենք, եթե պետությունը ամբողջ համակարգով չի կարողանում անել, հո չենք գալու ասենք…ես էդ բուտկչուն չեմ մեղադրում, առաջին մեղավորը մշակույթի նախարարությունն է»:

Սարհատի կարծիքով, մշակույթի նախարարության ամբողջ վերնախավին պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն. «Չեմ խոսում այն մասին, որ քաղաքաշինության նախարարը գնում, կանգնում է, շուկայի դիմաց նկարվում է, ասում` վերգետնյա հատվածում շինարարություն չկա: Տոտալ սուտասաններ են, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում…պետական համակարգում էլ կան մարդիկ, որ գիտակցում են` սխալվել են, որ բուտկչու հետ գնացել են բանակցությունների, ինչո՞ւ ձեր նման մարդկանց է դա ֆռռացրել, ֆռռացրել է մի ամբողջ պետական համակարգ: Եվ ասել, որ շուկան վերադարձվելու է իր նախնական տեսքի, բոլորը խաբվել են մի հոգու պատճառով»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ դժգոհեց, որ պետական կառույցները իրենց գործառույթներն այս հարցում չեն կատարել. «Մեր մտահոգությունն ենք հայտնում ոչ թե ուշացած, ինչպես շատերն են ասում` 2 տարի է գործընթացը գնում է, բա դուք ո՞ւր էիք, հենց առաջին օրից մենք մտահոգվել ենք, դիմել բոլոր պետական կառույցներին, որ կանխենք այս անօրինականությունը… արդյունքը եղավ անսպասելի: Քաղաքապետարանը մինչեւ ընտրությունները հայտարարեց, որ քանդվելու է, շինարարությունը դադարեցված է, բայց ինչպես տեսանք՝ այլակերպումն անցել է ճակատային մասի վրա, ավելի մեծ խեղկատակության վերածել հուշարձանը՝ ես չէի տեսել»:

Նա նաեւ հիշեցրեց  իրենց պահանջները` դադարեցնել բոլոր կարգի գործընթացները Փակ շուկայում, դադարեցնել հուշարձանի օգտագործումը` անկախ նպատակից, հարկադրել սեփականատիրոջը եւս մեկ անգամ հուշարձանը բերել նախկին տեսքին ու զրկել սեփականության իրավունքից, հարկադրել` փոխհատուցել վնասների դիմաց եւ վերադարձնել քաղաքացիներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031