Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյան. «Ես որ հայ եմ մնացել, դա արդեն հրաշք է»

Օգոստոս 30,2013 15:36

«Ես կխոսեմ սփյուռքի եւ սփյուռքահայության խնդիրների մասին` առանձնացնելով Թուրքիայի Հանրապետությունում գործող վարչական տարածքի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին, որոնք Հայաստանի Հանրապետության այս տեսակավորման ռասիստ պահանջի զոհերն են դարձել, որոնցից մեկը կոնկրետ ես եմ», -ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան եւ հրապարակախոս Սարգիս Հացպանյանը այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում:

«Հայաստանը ծագումով հայ իր հայրենակիցներին արդեն վաղուց տալիս է քաղաքացիություն: Պետությունը այսպես է սահմանել` անձը, որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ, անձամբ դիմում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ՀՀ-ի` օտարերկրյա պետությունում գործող դեսպանատանը, կամ հյուպատոսական հիմնարկին, ներկայացնելով այս, այս, այս բյուրոկրատիկ ինչ որ թղթեր: Շատ էական է հինգերորդ կետը` հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը` ծնողի, պապի կամ տատի, քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, կամ ազգություն հաստատող որեւէ այլ փաստաթուղթ: Պետությունը ուզում է մի բան, որը դու չունես, չէիր կարող ունենալ, եթե ունենայիր, էլ ինչո՞ւ ես ուզում 15 թվի ցեղասպանությունը ճանաչվի, դատապարտվի եւ այլն: Ես Արեւմտյան Հայաստանից եմ: Այդ ամբողջ թղթերը, որ ուզում են, թուրքերը բնաջնջել են, թուրքերը ինձ են բնաջնջել, ես որ հայ եմ մնացել դա արդեն հրաշք է»:

Սարգիս Հացպանյանն ասաց, որ Թուրքիայից եկած հայերին այնպես չեն վերաբերում, ինչպես, ասենք, Ֆրանսիայից եկած հայերին. «Ասում են նա Ֆրանսիայից է, ոչ մի խնդիր չկա, դռները բացվում են, չէ՞ որ Շառլ Ազնավուր ունենք աշխարհը չունի: Խեղճ Թուրքիայի հայերն էլ չունեն Շառլ Ազնավուր, որ աշխարհը ունենա, իրենք ունեին Հրանտ Դինք, որը սպանվեց: Իսկ Հրանտ Դինքի հարազատ քեռու տղան ինձ հետ միասին գնացել է այս ամբողջ փաստաթղթերը ՕՎԻՐ ներկայացնելու: Միայն այս հինգերորդ կետի համար Յերանոս անունով այս տղան նստել է պետի սենյակում եւ լաց է եղել: Դիմացը նստած Սերգեյ անունով մի հայ տղա Յերանոս անունով տղուն ասում է՝ փաստի, որ դու հայ ես: Ես ասում եմ պարոն, քո անունը հայկական չի, այստեղ պետություն ես ներկայացնում, այս տղայի անունը Յերանոս է, ծնվել է Մալաթիայում, հոր անունը Սարգիս է, մոր անունը Պայծառ, ծննդավայրը` Արեւմտյան Հայաստան, դու այս ինքնությամբ ուրիշ մարդ ճանաչո՞ւմ ես: Ասի գնա թուրքերից հարցրու, թուրքը քեզնից լավ գիտի ով է հայ, ով ոչ: Այս ամենը, բարեբախտաբար, լավ ավարտ ունեցավ: Յերանոսը ստացավ այդ փաստաթուղթը, բայց այդ ամբողջը եղել է մեծ տանջանքների գնով: Նույնիսկ Հրանտը ուզում էր «Ակոս» շաբաթաթերթում հրապարակեր այս ամենը, թե ինչպես են վերաբերվել իր քեռու տղայի հետ Հայաստանում, սակայն իմ խնդրանքով նա չարեց դա, որ հանկարծ Թուրքիայում լույս տեսնող թերթերում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ինչ-որ բան չարծարծվի»:

Նա նշեց, որ Թուրքիայից եկած հայերը այստեղ ներկայացնելու միայն մեկ թուղթ ունեն. «Այն կոչվում է մկրտության վկայագիր: Սա մի փաստաթուղթ է, որ Թուրքիայում ծնված, մեծացած հայերին մեր հայոց առաքելական եկեղեցին տրամադրում է: Այն եռալեզու է` հայերեն, անգլերեն եւ թուրքերեն: Սա անպայման ստորագրվում է գործող հայոց պատրիարքի կողմից: Ես ունեցել եմ սա, հայրս ունեցել է սա, իմ երեխաները պետք է ունենան: Սա Թուրքիայի Հանրապետությունում ծնված հայի միակ փաստաթուղթն է, որը հայկական ծագումն է ներկայացնում: Բայց սա իրականում ոչ թե ազգության, այլ քրիստոնեության փաստաթուղթ է: Հիմա պատկերացրեք Թուրքիայում ապրող միլիոնավոր հայեր, հատկապես համշենահայությունը, որոնք իսլամ են դավանում: Հիմա այդ մարդիկ հայ չե՞ն: Այսինքն` մարդու կրո՞նն է, հավա՞տքն է իր ազգային պատկանելությունը ցույց տալիս: Տիգրան Մեծը հայ չէ՞ր»:

Պարոն Հացպանյանը նշեց, որ անգամ եթե մարդ ունի այդ փաստաթուղթը, այն պետք է վավերացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում. «Ասում ես ինչո՞ւ վավերացվի, եթե հայատառ է, անգլերեն է: ՀՀ-ում վավերացվում է այն փաստաթուղթը, որը անընթեռնելի է այդ պետության պետական լեզվով: Իսկ այս փաստաթուղթը վերեւից ներքեւ հայերեն է, այսինքն` ցանկացած հայ պաշտոնյա կարող է սա ընթերցել, հասկանալ դրա բովանդակությունը»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031